Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրինդի եկեղեցին կործանվում է (տեսանյութ)

Հասարակություն
43803a32abf68f58b599044f098bf113

Իրինդ գյուղի սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները երեք տարի է` ընդհատվել են։

7-րդ դարի՝ կիսավեր եկեղեցու վերակառուցումը սկսվել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ։ Քանի որ նա Իրինդ գյուղից էր, հոգ էր տարել, որ եկեղեցին ընդգրկվի պետական հուշարձանների վերականգնման ցանկում։ Անդրանիկ մարգարյանի մահվանից հետո, սակայն, եկեղեցուն հատկացված գումարը օգտագործվել է ոչ նպատակային։

Իրինդի գյուղապետ Ալեքսան Քոթանյանի խոսքերով` եկեղեցու շինարարական աշխատանքները մինչեւ 2009 թվականն ընթացել են նախատեսված ժամանակացույցով: Ըստ նրա` 2010 թվականին հատկացվել է 24 մլն դրամ, սակայն շինարարություն այդպես էլ չի արվել: «Եվ գումարի ճակատագիրն է անհայտ եւ այն, թե ի՞նչ պատճառով է շինարարությունը դադարեցվել: Մի քանի անգամ զանգել եմ Մշակույթի նախարարություն` պատասխանում են՝ էսօր, վաղը զանգեք»,- «Ա1+»-ին ասաց գյուղապետը:

Իրինդ գյուղի բնակիչները բողոքում են, որ իր տեսակի մեջ եզակի այս կոթողի վերականգնումը անբարեխիղճ է կատարվել: «Ամբողջ Հայաստանում 8 խորանանի նման մեծ եկեղեցի չկա»,-տեղեկացրեց Թռչնակ Օհանյանը: 85-ամյա Խնկանոս Քոթանյանն էլ ավելացրեց, որ կառույցը ժամանակին շատ գեղեցիկ է եղել։ «Սակայն այնպես են սարքել, որ ոչ մի զարդաքանդակ չի մնացել, մենակ հարթ շարում են»,- սրտնեղեց Խնկանոս պապը:

Բացի աշխատանքի ցածր որակից, իրինդցիները այլ դժգոհություն էլ ունեն։ Նրանք պահանջում են հնարավորինս արագ ավարտին հասցնել եկեղեցու նորոգումը՝ այն հետագա փլուզումից փրկելու համար։

«Եթե եկեղեցին չի հետաքրքրում Մշակույթի նախարարությանը, գոնե կաթողիկոսին հետաքրքրեր, մեկին ուղարկեր, էս եկեղեցուն տիրություն աներ: Չեմ հասկանում, օրական մի նոր մատուռ են կառուցում, հին եկեղեցին, որ դարերի խորքից է եկել, ոչ մեկի մտքով չի անցնում վերականգնել»,- ասաց Խնկանոս Քոթանյանը:

Իրինդի գյուղապետը որոշել է՝ մոտ ժամանակներում Մշակույթի նախարարությունից սպառիչ պատասխան չստանալու դեպքում, կդիմի վարչապետին: