Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը չի հրաժարվի իր թոշակից

Քաղաքականություն

Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանը հսկայական եկամուտ ունեցող «Սիստեմա» ընկերությունից աշխատավարձ չի ստանում: Հիշեցնենք, որ հուլիսի կեսերից Քոչարյանը «Սիստեմա» ընկերությունում զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը; Այս մասին «Ա1+» -ի հարցմանն ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հետեւաբար` Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի ՀՀ պետական բյուջեից իր հասանելիք թոշակից,


Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը օրենքով սահմանված է 408 հազար դրամ, իսկ պաշտոնաթող նախագահը ստանում է աշխատավարձի 80 տոկոսը, եթե նշված գումարից ավելի բարձր աշխատավարձով այլ աշխատանքի չի անցել:
Վիկտոր Սողոմոնյանը նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայում» բաժնետեր չի եւ չունի ակտիվներ: Այդ դեպքում ինչո՞վ է զբաղվում «Սիստեմայում» Ռոբերտ Քոչարյանը` մեր հարցին նրա մամլո խոսնակը պատասխանեց. «Մասնակցում է կառավարիչների ժողովներին, որոշումների կայացմանը. աշխարհում ընդունված պրակտիկա է, որ երկրների նախկին ղեկավարները խոշոր կորպորացիաներում դառնում են կամ գործադիր մարմինների ղեկավարներ, կամ անկախ տնօրեններ. Շրյոդերի օրինակը կարծում եմ հիշում եք»:
Ինչ վերաբերում է պաշտոնաթող Ռոբերտ Քոչարյանի նախասիրություններին, հատկապես սերֆինգի հանդեպ թուլությանը, ապա Վիկտոր Սողոմոնյանը նկատեց, որ «իր նախասիրությունները չեն փոխվել` մասնավորապես ակտիվ սպորտով զբաղվելու մասով. լինում է Սեւանում, Ծաղկաձորում»: Իսկ արտասահմանյան հանգստի գոտիների վերաբերյալ, հատկապես Տանզանիա որսորդության մեկնելու մասին ասաց. «No comment»:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակված մի լուրի համաձայն Ռոբերտ Քոչարյանը Դուբայից պետք է մեկներ Աֆրիկա` Տանզանիա` որսի:
Իսկ որտե՞ղ է անցկացրել ամառային հանգիստը Ռոբերտ Քոչարյանը` մեր հարցին, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը մասնավոր անձ է, նա հիմա հանրապետության նախագահը չի, որ ես պարտավոր լինեմ ասել, թե որտեղ է հանգստանում: Բայց արտասահմանում է»:
Պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքով այսօր բնակվում է Երեւանում, թեեւ դժվար է ասել, թե տարվա քանի ամիսն է նա լինում Հայաստանում: Իսկ ծննդավայրում` Լեռնային Ղարաբաղում, Քոչարյանը վերջին անգամ եղել է ապրիլին` սուրբ Հարության տոնի` Զատկի օրերին: Բայց դա ամենայն հավանականությամբ Սուրբ տոնի հետ կապված այցելություն չի եղել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը դեռ 2001 թվականին պատասխանելով արտասահմանցի մի լրագրողի հարցին, խոստովանել է, որ աթեիստ է:
Թե որտեղ հատկապես օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանը կնշի իր ծննդյան 55 ամյակը, Վիկտոր Սողոմոնյանին առայժմ հայտնի չէր: