Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ԶԱՏԻԿ

Մշակույթ

Ինչպե՞ս զարդարել տունը Զատիկին: «Ակադեմիա» պատկերասրահում արվեստագետները ներկայացրել էին Զատիկը տոնական դարձնելու իրենց տարբերակները: Կավից, փայտից, կտորից եւ տարբեր թելերից դիզայներները պատրաստել էին գույնզգույն ձվեր, ճուտիկներ, ծաղկամաններ, կոմպոզիցիաներ:

Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի աշակերտուհի Աննա Համամջյանն ասում է, որ իրենց դպրոցում ձեռագործություն սովորեցնում են ոչ միայն որպես արվեստ, այլեւ այդ աշխատանքները վաճառելու համար: Այդ կրթահամալիրում սովորում են հիմնականում սոցիալապես անապահով 100 աշակերտներ:

22- ամյա դիզայներ Նաիրա Մանուկյանի խոսքերով, նման ցուցահանդեսները երիտասարդներին ճանաչում են բերում: Նաիրան իր կոմպոզիցաներում օգտագործել էր տարբեր նյութեր, գերակշռողը գիպսն էր:

Նրա աշխատանքներից երկուսը գնեց Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասար եպիսկոպոս Կճոյանը: «Զվարթ է, ուրախ , կյանք կա մեջը, խորհրդանշում է զատիկը, գույներն էլ առինքնող են, տրամադրությունը բացում է, կյանք է պարգեւում, ինչպես զատիկը», - իր ընտրությունը բացատրեց սրբազանը: Վերջինիս կարծիքով, մեզանից յուրաքանչյուրից է կախված` ինչպես կնշվի Զատիկը, թեեւ այս ցուցահանդեսը մասնակիցներն արդեն ստեղծել են ուրախությունը մեկ մեկու փոխանցելու այդ մթնոլորտը. «Քրիստոս հարյավ ի մեռելոցը մենք այսօրվանից ենք սկսում»:

1990թ.-ից նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպող Սոնյա Թաշչյանը կարեւորում է երեխաների մասնակցությունը դրանց. «Առաջին հերթին երեխաներին պիտի սովորեցնես, մեծերն արդեն մի տեսակ ուրիշ ձեւի են ընկալում Զատիկը: Իսկ երեխաների մոտ թող տոն դարձնենք այդ: Ծնողների ու ուսուցիչների պարտականությունն է այդ»: