Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԵՆ

Քաղաքականություն

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին խորհրդարանական ընդդիմության երկու թեւերը տարբեր կերպ են մասնակցելու. «Արդարությունը» պասիվ, բայց, այնուամենայնիվ, մասնակցելու է ընտրություններին եւ աջակցելու իր թեկնածուներին, իսկ «Ազգային միաբանությունը» ընդամենը հետամուտ է լինելու ազատ, արդար ընտրությունների անցկացմանը:

«Արդարության» պասիվությունը խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը պայմանավորում է ժողովրդի պասիվությամբ. «Ընդդիմության հիմնական խնդիրը մնում է օրինական իշխանության հաստատումը, իսկ ժողովուրդը, ավանդույթի համաձայն, կարեւորագույն եւ վճռական տեղ է հատկացնում նախագահի, մասամբ նաեւ` խորհրդարանական ընտրություններին: Քանի որ ՏԻՄ ընտրություններում լուծվում են տեղական նշանակության խնդիրներ, ժողովուրդը դրանց ակտիվ չի մասնակցում եւ իշխանանափոխության խնդիրը չի կապում տեղական ընտրությունների հետ»: Իսկ մեր այն դիտարկմանը, թե արդյոք ճիշտ չէ իշխանության գալու համար նախ տեղերում վերցնել իշխանությունը, պարոն Դալլաքյանը հիշեցրեց գործող Սահմանդրության եւ «ՏԻՄ մասին» օրենքը, որոնց համաձայն համայքի ղեկավարին կառավարությունը կարող է պաշտոնանկ անել ցանկացած ժամանակ: Ըստ նրա, այսօրվա իշխանության պարագայում ընդդիմությանն ուղղակի թույլ չի տրվի աշխատել, որովհետեւ տարբեր պատրվակներով կառավարությունը պաշտոնանկության հարց կդնի: «Բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը ամբողջությամբ ձեռնպահ կմնա այս ընտրություններում. որոշ համայնքներում եւ համայնքապետի, եւ ավագանու թեկնածուներ կունենա: Իսկ դրան ես վերաբերվում եմ դրական: Եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն առաջադրվելու, մենք պարտավոր ենք աջակցել»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Իսկ օրենքի բացի ու ընդդիմության պասիվության պատճառով, այսօր իշխանությունը ՏԻՄ-երն օգտագործում է որպես լծակ եւ տեղական ինքնակառավարման ամբողջ տրամաբանությանը հակառակ, տեղական ինքնակառավարման համակարգը քաղաքականացվում է ու օգտագործվում որպես վարչական լծակ ընտրակեղծիքների իրականացման համար. «Դա արվում է ՏԻՄ ղեկավարների` ընտրացուցակները ուռճացնելու միջոցով: ՏԻՄ լծակը իշխանությունները օգտագործում են լայնածավալ եւ պետականորեն կազմակերպված ընտրակեղծիքներ կատարելու համար, ինչպես եղավ 2003 թվականի խորհրդարանական, նախագահական ընտրություների ժամանակ: Ես կարծում եմ, որ ցանկացած խելամիտ իշխանություն, ելնելով ՏԻՄ առանձնահտկություններից , եւ ընդհանրապես որպես մոտեցում, պետք է համապատասխան լծակները չօգտագործի օրենքի խախտումներ կատարելու համար: Սա ֆունդամենտալ մոտեցում պետք է լինի, իսկ այլ ճանապարհով գնացող իշխանությունը հայտնվելու է փակուղում, ինչպես որ փակուղում են գործող իշխանությունները, քանի որ ժողովրդավարությունը երկու սկզբունքների վրա է հիմնվում. արդար ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման եւ փոփոխության ու օրենքի գերակայության»,- եզրափակում է Վիկտոր Դալլաքյանը:

«Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին եւ նրանց խնդիրն է միայն իրենց անդամներին հանձնաժողովներում զգուշացնել, որ ազատ-արդար ընտրությունների ընթացքին հետեւեն: «Այս իշխանություններն այնպես են ապականել ընտրությունների գաղափարը, որ այսօր մասնակցել կոալիցիայի կազմակերպած ընտրություններին, նշանակում է կամ զենքով կռվել, կամ փողով, կամ բոլոր լծակները օգտագործելով ժողովրդին ստիպելու միջոցով. այդ ձեւերից որեւէ մեկը մեր կուսակցության համար ընդունելի չէ: Հիմա այդ մոտեցումն է իշխում, ինչքան էլ Եվրոպայի աչքին թոզ փչեն, իրենց էությունը սա է»:

Ալեքսան Կարապետյանը գտնում է, որ ժողովրդին պետք է հնարավորություն տրվի առանց փողի ընտրություն կատարելու, իսկ դա ցանկության դեպքում կարող է անել Հանրապետության նախագահը, որը ընտրակաշառք բաժանողներին կարող էր ուղղակի պատասխանատվության ենթարկելու հրահանգ տալ, ինչը հայտնի պատճառներով չի արվել: «Իսկ այս պայմաններում, ընտրողը չի ընտրում իր կամքով, հետեւաբար չի էլ կարող պահանջել. ընտրությունից հետո գնում, ասում է` այս հարցը պետք է լուծվի, համայնքի ղեկավարն ասում է` դու ինչ որ արժես, ես վճարել եմ: Գնա: Կհանդիպենք երեք տարուց», - ասում է Ալեքսան Կարապետյանը:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ