Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՈՐՁԵՔ ԿՌԱՀԵԼ, ԹԵ ՈՒՄ Է ԸՆՏՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ»

Քաղաքականություն

Այսօր ժամը 13 ի սահմաններում կենտրոն համայնքում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընտրական տեղամաս էր եկել դստեր եւ որդու հետ: Քվեարկելուց եւ ընտրական հանձնաժողովի նախագահի հետ առանձին զրուցելուց հետո, նախագահը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Նա չցանկացավ կանխագուշակել ընտրությունների արդյունքները կամ ասել, թե կհաջողվի՞ արդար ու ազատ ընտրություններ անցկացնել, թե ոչ: «Բայց ամեն ինչ արվել է այդ ուղղությամբ, նախապես զգուշացվել են ուժային մարմիններն ու իրավապահները, որ մաքսիմում չխառնվեն ընտրությունների ընթացքին:: Պատասխանատուներն էլ ինձ զեկուցել են , որ առայժմ ամեն ինչ բավական հանգիստ է»:

Ռոբերտ Քոչարյանը ընտրական գործընթացում կարեւորեց մի հանգամանք: «Հաղթելու եւ պարտվելու կուլտուրա պետք է ունենալ: Հաղթողը պետք է կարողանա զուսպ լինել, իսկ պարտվողը կարողանա ընդունել իր պարտությունը եւ շնորհավորել մյուսին»:

Ի դեպ, լրագրողներին չհաջողվեց պարզել, թե ում օգտին քվեարկեց նախագահը. «Փորձեք կռահել»,- խորհուրդ տվեց Ռոբերտ Քոչարյանը: Հաշվի առնելով նախագահի մոտեցումներն ու սկզբունքները, նաեւ առաջիկա նախագահական ընտրությունները, դժվար չէ, թերեւս կռահել, թե ում է Քոչարյանը ուզում տեսնել ամենաազդեցիկ կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնում: Իհարկե, ոչ ընդդիմադիր թեկնածուին, այլ իշխանական աջակցությունը վայելողին:

Նույն ընտրական տեղամասում այսօր պետք է քվերակի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը: