Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԲՐԱՀԱՄԸ ԿՈՒԶԵՆԱՐ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԿՌՎԵԼ

Սպորտ

«Կցանկանայի, որ մրցամարտը ավելի երկար տեւեր, սակայն որոշողը մրցավարն է: Սա փողոցի կռիվ չէ, որ մրցավարը ինչքան ցանկանա, այնքան էլ մարտը տեւի: Գոյություն ունեն կանոններ», - խոսելով կիրակի օրը Դեմերսի հետ կայացած մրցավեճի մասին` նշեց Արթուր Աբրահամը:

IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկը կիրակի օրը հերթական անգամ կարողացել էր պահպանել չեմպիոնական գոտին: Կանադացի Դեմերսի հետ մրցամարտի արդեն 3-րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիակական նոկաուտի շնորհիվ պարտության էր մատնել մրցակցին: Հայ մարզիկի համար, սա կրկնակի կարեւոր մրցավեճ էր, քանի որ ծնոտի ջարդվածքի պատճառով նա երկար ժամանակ չէր կարողացել դուրս գալ ռինգ. «8 ամիս ես չէի մենամարտել: Հոգեբանական ապրումներ ունենում ես, սակայն երբ խորը մտածում ես եւ ինքդ քեզ ոգեշնչում ես, մարզիչի հետ զրուցում ես, այդ բոլորը անցնում է»:

Ասուլիսի ընթացքում Աբրահամին հիմնականում տրվեցին հարցեր, որոնք չէին վերաբերվում Դեմերսի հետ տեղի ունեցած կարճատեւ մարտին: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որի Գերմանիայում դատի են տվել նրա մարզչին` ծնոտի վնասվածքը չկանխելու համար , Աբրահամը պատասխանեց. «Մի ատամնաբույժ Ուլի Վեգների նկատմամբ գործ է հարուցել, որ նա չի կագնեցրել Միրանդայի հետ մրցամարտը, որում ես վնասվածք ստացա: Այս գործով դատ է տեղի ունենալու, բայց ինձ չի թվում, որ նա կշահի, որովհետեւ դա մեր խնդիր է, թե ինչ ենք անում: Ոչ ոք ինձ այդքան լավ չի ճանաչում, որքան իմ մարզիչը»:

Ասուլիսին ներկա էին մեծ թվով գերմանացի լրագրողներ, որոնք Հայաստան էին ժամանել, իրենց բառերով, Աբրահամի հայրենիքի մասին կարծիք կազմելու համար: Գերմանացի լրագրողները վավերագրական ֆիլմ են պատրաստում Աբրահամի եւ նրա մարզչի մասին: