Քաղաքապետը մեկնաբանել է սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրը (տեսանյութ)

«Սեփականատերերը ոչ մի կոնտակտի դուրս չեն եկել, քաղաքապետարանի աշխատակիցներն են միշտ կապ հաստատել: Ամեն ինչ արվել է մաքսիմալ մեղմ, ես ինքս եմ հատուկ հանձնարարել՝ ամեն ինչ անել մեղմ, մարդկային», — Հանրային հեռուստաընկերության «Լուրեր 60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նախ, ծանուցումները ժամանակին ստացել են բոլոր 3 տնտեսվարող սուբյեկտները։ Կան ստորագրություններ, որտեղ նշում են, որ խնդրում են մենք ինքներս ապամոնտաժենք, տեղափոխենք գույքը: Բացի այդ, խոսել ենք հենց տնօրենների հետ, ասել են, որ մենք քանդենք, իրենք չեն պատրաստվում հեռանալ, անգամ անձամբ հանդիպել եմ սեփականատերերից մեկի հետ: Սեփականատերերը չեն ցանկացել հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ոչ-մեկը տնօրեններից ցանկություն չի հայտնել ու առաջարկին էլ չի համաձայնել», — պատմել է Մարությանը։

«Մարդիկ, որոնք կորցնելու են աշխատանքը, անկասկած, կգտնեն նորը, Սարյան փողոցի նորաբաց սրճարանը այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր մնացել են առանց աշխատանքի ու ցանկանում են աշխատել, պատրաստ են ընդունել խմբերի, նրանց են միացել նաեւ Սարյան փողոցի մյուս սրճարանները: Մենք ինքներս էլ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք, մեզ համար այդ մարդիկ նույն երևանցիներն են, մեր համաքաղաքացիները», — նշել է քաղաքապետը։