Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի փաստաբանը հաստատեց, որ «Սորոսից» դրամաշնորհ է ստացել

Քաղաքականություն
53098691_402003863678159_1283455945963208704_n

 «Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույնն է, թե ասել, որ պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով» ,- ասել էր  «Բաց հասարակությունների հիմնադրամ – Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ նշելով, որ դրամաշնորհների տրամադրումը կատարվում է ներկայացված ծրագրերի շրջանակներում և որևէ ծրագրից դուրս գործունեություն չի վերահսկվում ԲՀՀ-ի կողմից։ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Հայկ Ալումյանը հաստատեց, որ ժամանակին «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից դրամաշնորհ է ստացել. ««Մատաղիս»-ի գործի հետ կապված, Աշոտ Հարությունյանի գործի հետ կապված. Այո, այդ գործերի հետ կապված դրամաշնորհներ ստացել եմ ԲՀՀ-ից»։ Փաստաբանն ասում է, որ ինքն է դիմել դրամաշնորհ տրամադրելու համար, որովհետև իր պաշտպանյալները անվճարունակ են եղել, բավարար դրամական միջոցներ չեն ունեցել դատարաններ դիմելու, համապատասխան վճարները կատարելու համար։ Մատաղիսի գործով մեղադրյալ Արայիկ Զալյանը սահմանադրական դատարան դիմելիս վճարունակ չի եղել, ուստի Ալումյանը դիմել է ԲՀՀ-ին համապատասխան գումարը ձեռք բերելու համար։ «Զալյանի դիմումն էր, որի հիման վրա «Հյուսիսային դատարան», «Հարավային դատարան» և «Երևան քաղաքի դատարան» հասկացությունները ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող և ամբողջությամբ փոփոխվեց  Դատական օրենսգիրքը»,- նշում է փաստաբանը։ Իսկ  որպես օրինակ` Ալումյանը նշում է. «Իմ պաշտպանյալների համար իմ անունից դիմել եմ՝ ասելով, որ այս մարդիկ գումար չունեն, բայց գործը Եվրոպական դատարան գնալու անհրաժեշտություն ունի, նրանց իրավունքները կոպտորեն խախտվել են, եթե հնարավոր է, ֆինանսավորեք։ Եվրադատարան դիմելը բավականին ծախսատար է»։ Փաստաբանը  դրամաշնորհ է ստացել նաև «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին» ձեռնարկի դասավանդման ծրագիրը հեղինակելու համար։ «2017 թ. սեպտեմբերի 19-21-ը ֆինանսավորել են իմ մասնակցությունը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի անցկացրած մարդկային չափումների իրականացման տարեկան հանդիպմանը, որտեղ  ես ներկայացրել եմ հայտնի գործերով փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած ճնշումների դեպքերը»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։