Քոչարյանը վտանգավոր մարդ է, իրեն կալանավորելը ճիշտ է. զոհված Տիգրան Խաչատրյանի հայր (տեսանյութ)
2008 թ. մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը արցունքն աչքերին հիշում է, թե ինչպես է որդուն զգուշացրել՝ քաղաքում վիճակը լարված է, բայց որդին չի լսել: «Ես այդ օրը, որ դեպքերը եղան, ցերեկը իրեն ասացի՝ Տիգրան չիջնես քաղաք, որովհետև բանակը, ծանր տեխնիկան արդեն քաղաքում էր, ասի, եթե լուսադեմին ժողովրդին քնած տեղը ջարդին, ուրեմն լավ իմացիր՝ գիշերը սպանդը սկսվելու է, որպեսզի իրենք արտակարգ դրություն մտցնեն»: Հովսեփ Խաչատրյանը նշեց, որ նախկին տարիներին հույս չի ունեցել, որ Մարտի 1-ի գործը ամբողջովին կբացահայտվի: Իսկ հիմա կարծում է՝ նոր իշխանության ձեռնարկած միջոցները՝ ամբողջովին բացահայտելու Մարտի 1-ի գործը՝ հաջողվում է: «Հույս չենք ունեցել, որ կարող է պատահել Մարտի 1-ը բացահայտվի, քանի որ նախորդ ռեժիմի արմատները այնքան խորն էին, որ անկեղծ ասած՝ ես 2 ամիս չէի հավատում, որ իշխանափոխություն է եղել, մտածում էի սա ինչ է՝ երազ է, հեքիաթ է, բայց իրականություն դարձավ ու ես հաստատ համոզված եմ, որ Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը այլընտրանք չկա»: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը և կալանվորելը տեղին է համարում զոհվածի հայրը. «Բա որ Քոչարյանին չկալանավորեին, ո՞ւմ պիտի կալանավորեին: Վերևից սկսեցին, որ կամաց-կամաց իջնեն ներքև, ինքը վտանգավոր մարդ է, իրեն կալանավորելը ճիշտ է»։