Բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող ՀՀ և Իրանի քաղաքացիներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում՝ տեղեկություններ ստացան, որ Իրանի և Հայսատանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ 

Այսպես, փետրվարի 9-ին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում հայտնաբերեցին ու մեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Աշոտ Շահբազյանին։ Երևանի բնակիչ, 42-ամյա Շահբազյանի խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղե փաթեթներով ափիոն և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածը մեքենայից իրավապահներին ներկայացրեց նաև հերոինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ կաթուցիչով։ 

Նույն օրը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանի Էրեբունի համայնքում հայտնաբերեցին ու ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերման ենթարկեցին Կարեն Մանուկյանին, Իրանի քաղաքացիներ 60-ամյա Մոհմմադ Թաբարսիին ու 48-ամյա Շահաբոլլահ Ռավեշինին։ 

Երևանի բնակիչ, 29-ամյա Մանուկյանը, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, իրավապահներին ներկայացրեց ափիոն տեսակի թմրամիջոց։ Մոհմմադ Թաբարսիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 70 գրամից ավելի հերոին և մետամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Տաքսի ավտոմեքենայի մեջ, որով շրջել էր Մոհմմադ Թաբարսին, ևս մետամֆետամին հայտնաբերվեց։ Իրավապահները խուզարկեցին նաև նրա վարձակալած բնակարանը, որտեղ հայտնաբերվեցին տարբեր քաշերով կոկաին թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։ 
Շահաբոլահ Ռավեշինի խուզարկությամբ ևս թմրամիջոցներ հայտնաբերվեցին՝ մասնավորապես՝ ափիոնի, հաշիշի և հերոինի նմանվող զանգվածներ։ Նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին Շահաբոլլահ Ռավեշինի վարձակալած շինությունը, որը գտնվում է Երևանի Սևանի փողոցում։ Իրավապահները հայտնաբերեցին մետամֆետամին և ափիոն թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծխելու հարմարանք։ 
Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն այսքանով չսահմանափակվեցին։ Շարունակելով իրացնել օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկությունները՝ նրանք դարձյալ փետրվարի 9-ին Ավանի Դուրյան թաղամասում հայտնաբերեցին ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 35-ամյա Առնո Մկրտչյանին ու 37-ամյա Արմեն Կիրակոսյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց պահել և օգտագործել։ Բերման ենթարկելու ընթացքում Առնո Մկրտչյանի վարած մեքենայի սրահից տոպրակ է դուրս նետվել։ Տարածքի զննությամբ հայտնաբերված տոպրակում մետամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված կար։ Մկրտչյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին մեթադոնի հաբեր ու ծալովի դանակ։ 

Չակերտավոր ասած՝ ապօրինի թմրաշրջանառության շղթան այսքանով չսահմանափակվեց։ Փետրվարի 11-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Էրեբունու բաժին բերման ենթարկեցին ազգությամբ հայ, Իրանի քաղաքացի 56-ամյա մի տղամարդու։ Քրեական հետախույզների տվյալներով՝ նա ևս զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ ի թիվս այլ իրերի հայտնաբերվեց ծալովի դանակ։ Դատարանի որոշմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին նաև նրա «Մերսեդեսը», որը տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Խուզարկության ընթացքում բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրեց մեկ տարա, որն առաջին հայացքից աղով էր լցված, բայց՝ միայն առաջին հայացքից։
Աղով տարայում թաքցված էր պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված երկու զանգված, որոնք, ըստ բերման ենթարկվածի՝ կրիստալ կամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ են։ Զանգվածներն ընդհանուր 100 գրամից ավելի էին։ 
Ապօրինի թմրաշրջանառության փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և նոր հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։