Գագիկ Ծառուկյանը մարզագույք եւ մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ թվով մարզագույք եւ մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերից մեկին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում բարձրաձայնվել էր զորամասերում մարզվելու անհրաժեշտության եւ մարզական գույքի բացակայության խնդրի մասին: Գագիկ Ծառուկյանը տեղում խոստացել էր, որ հարցին լուծում կտրվի ամենասեղմ ժամկետներում: Եւ ահա, այսօր մեր սահմանները պահպանող զինվորները արդեն կարող են մարզվել ժամանակակից մարզագույքով ու մարզասարքերով:

Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այդ կապակցությամբ ասել է, որ նման նվիրաբերումները շարունակական բնույթ են կրելու: Եկող շաբաթ ՀԱՕԿ-ը լուծելու է Իվանյանի անվան ռազմա-մարզական ուսումնարանի գույքային խնդիրը: