Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնակամ շինությունները չեն օրինականացվի. մշակվել է նոր օրինագիծ

Պաշտոնական
Hayk-Marutyan

Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի  շինություն է քանդվել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու: «Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնական շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք: Հակառակ դեպքում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ խանութը կարող են անօրինական կերպով կառուցել, այնուհետ օրինականացնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և ծխախոտի մնացորդը փողոց նետելու դեպքերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունն ու արձանագրվող յուրաքանչյուր դեպքի մասով վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել:    Հետևողական պայքար է տարվում նաև Երևանում փողոցային առևտրի վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է 21 դեպք: Երեկոյան հերթապահության արդյունքում հայտնաբերվել է 2 դեպք: Անդրադառնալով թափառող կենդանիների, մասնավորապես անտուն շների խնդրին և քաղաքացիներից ստացվող ահազանգերին՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հարցին և արագացնել այս ուղղությամբ աշխատանքները: Ամեն ինչ պատրաստ է փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ Սուրբ Սարգսի տոնը նշելու համար: Միջոցառումներում կներգրավվեն քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները: