«ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է»

Սանր ու հայելի՞ էին փնտրում Սեֆիլյանի գրպանում

«Այս իշխանությունների համար ազատագրված տարածքների վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը գաղտնիք չէր: Այն, ինչ նա հայտարարել էր «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության համաժողովում արդեն կրկնում է տարիներ շարունակ: Ազատագրված տարածքների վերաբերյալ այդպես է մտածում յուրաքանչյուր հայ: Բոլորի՞ն պետք է ձերբակալեն»,- «Ա1+»-ին ասաց Լիբանանից Հայաստան ժամանած՝ Շուշիի առանձնակի գնդի հրամանատար, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

Նա վստահեցնում է, որ Սեֆիլյանի ձերբակալությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ Լիբանանի ոչ հայազգի բնակչության շրջանում, որոնք Սեֆիլյանին իբրեւ հայազգի հերոս են ընդունում: Նախքան Հայաստան ժամանելը Լիբանանում Սեֆիլյանի համակիրների նախաձեռնությամբ ստեղծվել է պաշտպանության հանձնախումբ, որը Թորոս Սեֆիլյանի հետ միասին դիմում է ուղարկել ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության պետի տեղակալ գնդապետ Ալիկ Տոնոյանին: Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրիալիայում ստեղծված պաշտպանական հանձնախբերը պահանջում են ազատ արձակել Սեֆիլյանին եւ վստահ են, որ նրա ազատ արձակումը կնպաստի հարուցված գործի նախաքննությանը:

Թորոս Սեֆիլյանը համոզված է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը խիստ բացասական կանդրադառնա Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերությունների վրա. «Ժիրայրի հետ տեղի ունեցածը ոչ թե հիասթափեցնում է միայն լիբանանահայերին, այլեւ ամբողջ սփյուռքահայությանը, բոլոր նրանց, ովքեր իրենց ապագան կապել են կամ պատրաստվում էին կապել Հայաստանի հետ: Իշխանութուններն այդ քայլով ոչնչացրին սփյուռքում տարիներ շարունակ կատարած մեր աշխատանքը, ազգային բոլոր գաղափարները՝ հայրենասիրության, Հայաստանի հետ ապագա կապելու գաղափարը: Երբ սփյուռքը ֆինանսական կամ այլ աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին, հարցեր չէր տալիս, որովհետեւ վստահ էր, որ դա նպաստելու է ազատ եւ արդար, ժողովրդավար երկրի կառուցմանը: Այսօր խիստ հիասթափված ենք: Մենք բոլորովին չենք ասում, որ սփյուռքահայը իրավունք ունի հանցագործություն կատարել, մենք ասում ենք, որ անմեղ մարդուն չի կարելի ազատազրկել միայն նրա համար, որ նրա տեսակետները չեն համապատասխանում իշխանությունների ցանկություններին»: Թորոս Սեֆիլյանին բոլորովին չի զարմացնում իր եղբոր ձերբակալության վերաբերյալ Հայաստանի ՀՅԴ-ի դիրքորոշումը. «Նրանք հատուկ հանձնարարություն են կատարում, դիվանագիտական մոտեցում են ցուցաբերում»:

Ի տարբերություն Հայաստանի ՀՅԴ-ի՝ Լիբանանի ՀՅԴ-ն չի թաքցնում իր վերաբերմունքը Սեֆիլյանի ձերբակալության վերաբերյալ: Լիբանանի հայ համայնքը պատրաստվում է բողոքի ցույց կազմակերպել Լիբանանում Հայաստանի դեսպանատան առաջ՝ պահանջելով ազատ արձակել Սեֆիլյանին: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած այն հաղորդագրությանը, որտեղ նա ներկայացվում է որպես Լիբանանի քաղաքացի, ապա Թորոս Սեֆիլյանը հարց ուղղեց ՀՀ իշխանություններին եւ հատկապես ԱԱԾ աշխատակիցներին.«1990թ-ին, երբ նա Հայաստան էր եկել, 1992թ-ին, երբ Շուշին էր ազատագրում որեւէ մեկը նրան չէր ասում՝ անձնագիր ցույց տուր, երբ նրան զինվորական կոչում, պարգեւներ էին տալիս, ինչու՞ չէին հարցնում՝ դու Հայաստանի քաղաքացի՞ ես: Իշխանությունների խնդիրը ժիրայրը չէ, նրանք փորձում են ահաբեկել բոլոր նրանց, ովքեր մտածում են Ժիրայրի պես: Նրանք շատ լավ գիտեին Ժիրայրի տեղը եւ համոզված էին, որ նա երբեք չի փախչի Հայաստանից, սակայն նրան որոշեցին ձերբակալել առաջիկա խորհրդարանի ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ: ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական որոշում է»: Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի մոտ զենք հայտնաբերելուն, ապա նրա եղբայրն ասաց.«Իսկ ի՞նչ էին ակնկալում գտնել Ժիրայրի գրպաններում՝ հայելի՞ ու սա՞նր»:

Թորոս Սեֆիլյանի կարծիքով, այսօր Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ կիլիներ, եթե մենք իսկապես նվաճած լինեինք մեր անկախութունը եւ ոչ թե Խորհրդային Միության փլուզման արդյունքում այն մեզ մատուցեին սկուտեղի վրա: Թորոս Սեֆիլյանը առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է հանդես գալ մամլո ասուլիսով: Ի դեպ, ԱԱԾ-ն նրան թույլատրել է հանդիպել եղբոր հետ: «Ինչպես եւ պատկերացնում էի՝ ժիրայրը լավ է: Ամենեւին ընկճված չէ եւ համոզված է, որ իր նկատմամբ սարքած շինծու գործը կքանդվի»,- ասաց Թորոս Սեֆիլյանը: