Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել. armtimes.com

Հասարակություն
Hovik-Abrahamyan12-e1351862383452

Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նշենք, որ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ ՀՀ ՈԿ-ում քրեական գործ է հարուցվել։ Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում նույն գործի շրջանակում բացատրություն է տվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։ Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութը, որտեղ մատնանշված հանգամանքները ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին։ Կատարված հետաքննությամբ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք: