Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկումը գուցե ավելի ծանր պատիժ է, քան՝ գնդակահարությունը. քաղաքագետ (տեսանյութ)

Հասարակություն
Armen-Axa

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի էր ունենում Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը: Մնջոյանը մի քանի օր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ: Բժիշկներին չէր հաջողվել փրկել Մնջոյանի կյանքը: Նա ձերբակալվել էր 1995 թվականին «Դրո»–ի գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրա նկատմամբ կիրառվել էր պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով: «Անգամ եթե ընդունենք դատավճիռները և պաշտոնական որոշումները. անգամ այդ առումով նրա պատիժը չափից ավելի երկարեց, և կարող էր վաղաժամկետ ազատվել այսքան տարիների բանտարկությունից հետո»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Աղայանը Մնջոյանի մասին: Ըստ Աղայանի՝ այս տարիների ընթացքում Մնջոյանը մնացել էր սկզբունքների դիրքերում և չէր ընդունել անգամ իր հանդեպ մասնակի անարդարությունը: «Չուզեց նույնիսկ ներում խնդրել, ներում հայցել: Պետք եղած դեպքում սուր քննադատություններով էր հանդես գալիս այն մարդկանց կամ կառույցների հասցեին, ում հետ կապում էր իր վիճակի անարդարացի մասը»:  Ըստ Աղայանի՝ ցմահ ազատազրկումը գուցե ավելի ծանր պատիժ է, քան՝ գնդակահարությունը: «Չի կարելի, օրինակի համար, գնդակահարության դատավճիռը փոխարինել ցմահ ազատազրկմամբ և ասել, որ դա ներում է: Ինչ արեց պարոն Քոչարյանը ժամանակին»,- նշեց Աղայանը՝ խոսելով Մնջոյանի հանդեպ դատավճռի փոփոխման մասին: Հոգեհանգստին ներկա էին ընտանիքի անդամները, ազգականները, ընկերները, քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամներ՝ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահագն Ավագյանը, Գարեգին Չուքասզյանը և այլք:    Մանրամասն՝ տեսանյութում