Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանի համար քաղաքապետի պաշտոն ստանձնելը մանկական երազանք չի եղել

Քաղաքականություն
qrist-Maruqyan

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից  հրաժարումը կապ չունի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հետ: «Որոշումը  միանձնյա չի եղել»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Քրիստ Մարուքյանը՝ հավելելով, որ  կուսակցության ներսում քննարկումների արդյունքում է կայացվել որոշումը: «Քննարկել ենք բոլոր թեր եւ դեմ կողմերը, եկել ենք ընդհանուր եզրակացության, որ ճիշտ կլինի մնալ Վանաձորի ավագանու կազմում,  շարունակել այստեղ աշխատանքը, այդ թվում՝ իմ աշխատանքը ոչ միայն քաղաքական առումով: Եւ ԱԺ-ում ունենալով 18 հոգանոց խմբակցություն, քանի որ  բոլորն էլ պատրաստված, ճանապարհ անցած մասնագետ մարդիկ են, եւ իմ ներկայությունը մեծ հաշվով ոչ շատ բան ավելացնելու էր, ոչ շատ բան պակասացնելու, դրա համար տարբեր հարցեր քննարկելու արդյունքում եկանք նրան, որ ճիշտ կլինի իմ աշխատանքը շարունակել քաղաքապետարանի ավագանու կազմում»,-ասաց Մարուքյանը: Մարուքյանը վստահեցնում է, որ պաշտոն զբաղեցնելն իր համար մանկական երազանք չի եղել. «Էնպես չի, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը ինձ համար մանկական երազանք է, դա ինքնանպատակ չի եղել երբեք եւ յուրաքանչյուր պաշտոն պետք է օգտագործվի իր արդյունավետության տեսանկյունից դիտարկելով: Խնդիրը պաշտոնի համար պայքարելը չէ, խնդիրը բերել այն դաշտ, որտեղ պարզ կդառնա, թե ինչպես է քաղաքապետի պաշտոնը ձեւավորվել  կեղծիքներով, մանդատագողությամբ եւ եթե չլինի «Լուսավոր Հայաստան» խմբակցության վերահսկողությունը, մենք որեւէ կերպ երաշխավորված չենք լինի, որ չարաշահումները եւ հանրապետականին հարիր պահելաձեւը չի շարունակվի»,-պարզաբանեց ավագանու անդամը: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետը հանրապետական Մամիկոն Ասլանյանն է, որն ընտրվել է փակ-գաղտնի քվեարկությամբ 2016թվականի հոկտեմբերի տասին: Իսկ ԱԺ-ում Քրիստ Մարուքյանին կփոխարինի Հրանտ Այվազյանը՝ Վանաձորի քաղաքապետարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ: Նույն կուսակցությունից ԱԺ մանդատից հրաժարվել է նաեւ Արմեն Բաղդասարյանը: