Տաղանդի էգոն միշտ ավելի շատ է, քան ֆինանսական հնարավորությունները. Սերգեյ Սմբատյան (տեսանյութ)

«Կարևոր է մեր մշակույթը աշխարհին լսելի դարձնել: Աշխարհում շատ չգիտեն հայկական մշակույթի մասին և շատ կարևոր է` թե մենք, անգամ համեստ հնարավորություններով, ինչ ենք ներկայացնում, որն է այն արժեքը, որ մեզ ներկայացնում է որպես ազգ: Շատ կարևոր է հասկանալ՝ մենք ունենք պետական խնդիր ցույց տալու արվեստ, թե ազգային խնդիր, որովհետև մեր ազգային արժեքները ավելի մեծ են, քան մեր տեղը քարտեզի վրա»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նրա խոսքով` նվագախմբի ռազմավարությունը և առաքելությունն է՝ ելույթ ունենալով աշխարհի հեղինակավոր բեմերում, ցուցադրել, որ Հայաստանը ունի միջազգային չափանիշների կոլեկտիվ:

«Արվեստագետի ամբիցիան, տաղանդի էգոն միշտ ավելի շատ է քան ֆինանսական հնարավորությունները և սա միշտ խնդիր է լինելու արվեստում»,-ասում է նա: Մեծ կոլեկտիվը և հավակնություն ունեցող նախագծերը նաև ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում և նվագախմբի գեղարվեստական ղեկավարը շնորհակալ է աշխարհասփյուռ բոլոր իր այն ընկերներին, որոնք հետևում են նվագախմբի գործունեությանը, ոգևորվում են նվագախմբի հաղթանակներով ու ոգևորում են կոլեկտիվին, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Հիմա ընկերների խորհուրդ ստեղծելու գաղափար ունեն, քանի որ նրանց օգնությամբ հաղթահարում են ծագած խնդիրները և դժվարությունները:

«Անհավանական  կարևոր տարի և գեղարվեստական առումով մեծ ձեռքբերումների տարի էր մեր նվագախմբի համար: Փոխվեց մեր ստատուսը: Հիմա պետական սիմֆոնիկ նվագախումբ ենք և երիտասարդականը դարձավ պատմություն մեզ համար,- ասում է Սերգեյ Սմբատյանը: – Փառահեղ հյուրախաղեր ունեցանք, մասնավորապես Մալթայում, որտեղ ռեզիդենտ նվագախումբ էինք, նաև Համբուրգում»: Հաջորդ տարվա ծրագրերը և նախագծերը ևս բազմազան են և հագեցած: Հեղինակավոր հրավերներ ունեն Եվրոպայից և Ասիական երկրներից: