Զեկույց: 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների մասին. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Զեկույցում ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա ստացված վիճակագրական և այլ վերլուծություններ: 2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հանրային քննարկման ժամկետը սահմանված է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 21-ը։ Այդուհանդերձ, ՀՀ Կառավարությունը 2018թ. ապրիլի 12-ին թիվ 404-Ն որոշմամբ ընդունեց վերոնշյալ նախագիծը, որն այսպիսով ընդունվեց ավելի վաղ, քան առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն էր և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զրկվեց դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից: Հիշյալ որոշման մեջ արձանագրել ենք մի շարք կոնկրետ եւ ընդհանուր բնույթի խնդիրներ, մասնավորապես.
- Մի շարք հիվանդություններ համապատասխանեցված չեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին։
- Ժամանակավոր ոչ պիտանիության սահմանումը տարբեր հիվանդությունների դեպքում սովորաբար ենթադրում է տարբեր ժամանակահատված, սակայն ցանկում սահմանված չեն յուրաքանչյուր հիվանդության համար տրամադրվող տարկետման ժամկետները:
- Որոշ (հիմնականում վիրաբուժական) հիվանդությունների դեպքում սահմանվում է բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության կարգը: Այդ հիվանդությունների դեպքում սահմանված չէ բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության հետագա կարգը:
- Հաճախ կիրառվում են նեգատիվ, վիրավորական, խարան ձևավորող եւ այլ նման բնույթի եզրույթներ, որոնք պետք է բացառվեն։
- Հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները:
- Մի շարք հիվանդությունների դեպքում (Օրգանական հոգեկան խանգարումներ, Սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ (ներառում է պարանոիդ ռեակցիա, փսիխոգեն պարանոիդ փսիխոզ, ռեակտիվ փսիխոզ, օնեյրոֆրենիա, զառան-ցանքային բռնկումներ եւ այլն, Վիճակ` տարած սուր վարակիչ, մակաբուծային հիվանդություններից և ինտոքսիկացիաներից հետո) հստակեցված չեն ժամանակ արտահայտող եզրույթները, օրինակ՝ «ձգձգվող», «կարճատև», «երկարատև բուժում պահանջող», «կարճատև ընթացքով»:
- Մի շարք հիվանդությունների դեպքում (Նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ) հստակորեն սահմանված չեն հիվանդությունների ֆունկցիաների աստիճանները սահմանող մեթոդները եւ չափորոշիչները:
- Որոշ հիվանդությունների դեպքում (Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ նրանց հետևանքներ) հստակեցված չեն դրանց հաստատման ախտորոշիչ մեթոդները:
- 19 հոգու տրամադրվել է տարկետում տարբեր ժամկետներով
- 7 հոգի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը եւ ազատվել զինծառայությունից,
- 1 հոգու վերաբերյալ պիտանիության որոշումը փոփոխվել է՝ վիրահատության ենթարկելու ցուցմամբ, որի վերաբերյալ կկայացվի նոր որոշում 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում,
- 12 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ զորակոչվել, որից 9-ը՝ սահմանափակումով զինծառայության համար,
- 10 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը, սակայն համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝ հրաժարվել է զորակոչվել, եւ որոշումները կամ վերադասության կարգով, կամ դատական կարգով բողոքարկվել են Կազմակերպության կողմից,
- 4 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝ չի զորակոչվել, սակայն հետագա բողոքարկման համար չի դիմել Կազմակերպության աջակցությանը,
- 37 հոգու գործով կարիք չի եղել հետագա գրավոր աջակցության կամ ընթացք չի տրվել գործին քաղաքացու ցանկությամբ,
- 4 հոգի փորձաքննություն է անցնելու հաջորդ՝ 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում: