«Արմաթ» Եռաչափ մոդելավորման մրցույթի արդյունքները

Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից:

«Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի անցկացումն ու տաղանդավոր երեխաներին բացահայտելը մեզ համար չափազանց կարևոր է»:

Եռաչափ մոդելավորման մրցույթի հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Ucom ընկերության անունը վաղուց ասոցացվում է ինժեներական կրթության և «Արմաթ» լաբորատորիաների հետ։ Տարիներ շարունակ ներդրումներ կատարելով, հետևելով այս նախագծի լավագույնս իրականացմանը և հենց մեզ համար ապագա կադրեր դարբնելով՝ վստահ ենք, որ հնարավորություն ենք ստեղծում ոչ միայն այս խելացի պատանիների, այլև երկրի տնտեսության զարգացման համար»:

«Ռոբոտներ եւ Ռոբոտատեխնիկա», «Մեխանիզմներ եւ մեքենաշինություն», «Հայկական պատմամշակութային հուշակոթողներ» անվանակարգերում ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան համապատասխանաբար Ճամբարակի ավագ, Գավառի թիվ 5 հիմնական եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցների սաները:

Խրախուսական մրցանակի են արժանացել Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի արմաթցի սաները:

Երրորդ եւ երկրորդ մրցանակային հորիզոնականում են Արցախի ՏՏ կենտրոնի եւ Կարճաղբյուրի «Արմաթ» լաբորատորիաների սաները:

Մրցույթի հաղթող ճանաչվեցին Երևանի «Ղողանջ» կենտրոնի և Ավետիսյան դպրոցի սաներ Սամվել Բաբլոյանը, Արշակ Պողոսյանը եւ Ալեքս Մնացականյանը իրենց ստեղծած «Ամենագնաց» նախագծով: Թիմի խմբավարը Հայկ Կարապետյանն է, ով ապրիլյան պատերազմից հետո ԱՏՁՄ-ի նախաձեռնած «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի մասնակից է եւ արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում է «Արմաթ»-ում:

Հաղթող թիմի անդամները Ucom ընկերության կողմից որպես մրցանակ ստացան բջջային հեռախոսներ եւ դրամական պարգեւ: Դրամական պարգեւի արժանացան նաեւ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Եռաչափ մոդելավորման մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գիտատեխնիկական ստեղծարարությունը, դպրոցականների մոտ զարգացնել արտադրական նախատիպերի մոդելավորման հմտությունները և նպաստել մոդելավորման մասնագիտական համայնքի ձևավորմանը:

Մրցույթը պահանջում էր մոդելավորել ու եռաչափ տպիչներով և/կամ շաղափային (CNC) հաստոցի միջոցով տպագրել մոդելներ՝ ռոբոտի մասեր, մեխանիզմներ կամ պատմամշակութային հուշակոթողներ:  Մոդելները պետք է բաղկացած լինեն 40 մասից, պարունակեն ամենաքիչը երկու գույն:

Եռաչափ մոդելավորման մրցույթը ընթացել է բոլոր մասնակիցների միաժամանակյա աշխատանքով. եռաչափ տպիչներով և շաղափային հաստոցներով միմյանց զուգահեռ տպագրվել են պահանջվող մոդելները: Ժյուրիի անդամները ծանոթացել են դպրոցականների աշխատանքներին՝ գնահատելով վերջիններիս ինժեներական լուծումները, որակը, դիզայնը, կիրառելիությունն ու դետալների քանակը:

Ժյուրիի անդամների կազմում են Աշոտ Բարսեղյանը (Ucom), Սամվել Խաչատրյանը (ITC), Երվանդ Թարվերդյանը (Arloopa), Հրաչյա Խաչատրյանը (Symotec), Գրիշա Մարգարյանը (Symotec), Ռուբեն Գյոնջյանը (Instigate), Կարեն Մկրչտյանը (MMGM) և Արթուր Խոջաբաղյանը (Augmentar):

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի սաների համար, որոնց թիվն արդեն 5000-ից ավելին է, ԱՏՁՄ-ն կրթական մասից բացի իրականացնում է նաև բազմաթիվ խրախուսական մրցույթներ և այլ միջոցառումներ: Եռաչափ մոդելավորման մրցույթն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Մրցույթի հովանավորն է «Արմաթ» ցանցի գլխավոր աջակից` Ucom ընկերությունը: Մրցույթի գործընկերն է Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցը:

ԱՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու