Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ակցիան

Հասարակություն
arevtrakanner

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Իրավապահ մարմիններն արգելել էին քաղաքացիներին զբաղվել փողոցային առևտրով: Քաղաքացիների պնդմամբ՝ նախկին իշխանությունները 4 տարի շարունակ կանչել են քաղաքապետարան ու ասել, որ դիմում գրեն առևտրի թույլտվության համար: «Մեզ ասում են՝ դիմում գրեք, որ փողոցային առևտրի համար թույլտվություն տանք: Նախկին իշխանությունների օրոք եկել ենք, արդեն 4 տարի, մի քանի անգամ դիմումը գրում ենք, ասում են գնացեք, թող թաղապետարանը վերջնական թույլտվություն տա: Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- նշում էին քաղաքացիները: Ըստ նրանց՝ իրենց ապրուստի միջոցը սա է, այլընտրանք չունեն: «Ես իմ էրեխեքին ինչո՞վ պահեմ, եթե աշխատանք չունեմ»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը: Մեր հարցին՝ արդյոք այլընտրանք առաջարկվել է, առևտրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թովմասյանը բացասական պատասխան տվեց: Թովմասյանը նշեց, որ քննարկումների փուլում է: Փաթեթը դրված է քաղաքապետի սեղանին, ըստ փաթեթի կան տարբեր առաջարկներ: Որը, որ կանցնի, քաղաքացիներին կտեղեկացնեն: Այլընտրանքներ լինելու են, առաջարկվելու են: «Հենց այս պահին գույքագրվում են Երևան քաղաքի շուկաներն ամբողջությամբ, շուկաներում որքան տեղ կա և վարձավճարները: Հնարավորություններ կան մինիշուկաներ ձևավորելու ուղղությամբ, քննարկումների արդյունքում ընդունված տարբերակը կառաջարկվի քաղաքացիներին»,- հավելեց նա: