Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հերթական առաջնությունը կանցկացվի Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
sputnik

Նոյեմբերի 3-ին և 4-ին Հայաստանում 2-րդ անգամ տեղի է ունենալու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը: Խաղին մասնակցելու են  26 երկրների 65 թիմեր, յուրաքանչյուրը 6 հոգով: Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանը նշեց, որ մասնակիցները լինելու են եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, նախկին ԽՍՀՄ պետություններից: Հայաստանից մասնակցելու է 4 թիմ: «Ուժեղագույններին ենք փորձել հավաքել: Հայկական թիմերից սպասում ենք բարձր արդյունքներ, հատկապես՝ «Առագաստ»-ից, որը  մեկուկես ամիս առաջ Վրաստանում բավականին խոշոր ինտելեկտուալ փառատոնում հաղթանակ է տարել»: Իսկ, թե ինչ մրցանակ է տրվելու հաղթողին, Տիգրան Քոչարյանն ընդգծեց. «Հիմնական մրցանակը՝ հաղթող ճանաչվելն է: Իհարկե, կտրվի նաև գիրք, գավաթ և մեդալ»: Խաղերին ներկա կլինեն նաև ռուսաստանյան խաղի մասնակիցները՝ Մաքսիմ Պոտաշյովը, Ալեքսանդր Դրուզը, Իլյա Նովիկովը, Ալեքսանդր Ռուբինը և այլք: Ըստ Տիգրան Քոչարյանի, հյուրերը ոչ միայն կմասնակցեն խաղին, այլև կճանապարհորդեն Հայաստանում:   Առաջնության կազմկոմիտեի համակարգող Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց՝ ուրախ է, որ կրկին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ակումբների միջազգային ասոցիացիան Հայաստանին է վստահել խաղի առաջնությունը: Նախորդ առաջնությունը տեղի էր ունեցել 2016թ. Ծաղկաձորում: «Նման առաջնությունը նաև տեղեկատվական, քարոզչական,  զբոսաշրջային, մշակութային նշանակություն ունի: Նախորդ խաղի մասնակիցները  տասնյակ և ավելի դրական գրառումներ էին արել Հայաստանի վերաբերյալ»: Արմեն Աշոտյանը հավելեց, որ Հայաստանում երկրորդ առաջնությունն անցկացնելը պայմանավորված է Երևանի 2800-ամյակով: «Սա մեր նվերն է: Մենք ուզում ենք, որ մեր մայրաքաղաքը դառնա ինտելեկտուալ  առաջնության կենտրոն»: Առաջնության բացմանը ներկա է լինելու նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: