Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտաժողով Մայր Աթոռում

Պաշտոնական
gitavdc

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի ջանքերով և համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցին ԺԶ. – Ի. դարերում. առաքելություն, մաքառում, նահատակություն, հաղթանակ» խորագրով մեկօրյա գիտաժողով` կազմակերպված Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի նահատակության 80-րդ տարելիցի կապակցությամբ: Սկզբում գիտաժողովի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Մայր Աթոռի Նահատակաց հուշապատի առջև՝ ի հարգանս ստալինյան բռնապետության տարիներին զոհ դարձած հոգևորականների, այնուհետև մասնակցեցին Հայ Եկեղեցու 16-րդ-20-րդ դարերի գործունեությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը: Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով: Այնուհետև կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն` Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրափելը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Կոնֆերանսին Հայոց Եկեղեցու` 16-րդ-20-րդ դարերի գործունեությանը նվիրված բանախոսություններով հանդես եկան Արևելյան Եվրոպայի Հումբոլդտի համալսարանի պատմության դոկտոր, պրոֆեսոր Յորգ Բաբորովսկին («Բռնությունը և ահաբեկչությունը Ստալինյան ժամանակաշրջանում»), պ.գ.դ Ստեփան Ստեփանյանցը («Խորհրդային ժամանակաշրջանում Հայ Եկեղեցու սպասավորների հանդեպ կիրառվող բռնությունների և Հայ Եկեղեցու ունեցվածքի առգրավման հարցերի մասին (1917-1954թթ.)»), Հայաստանի Ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ պ.գ.թ. Գոհար Ավագյանը («Ցարիզմի քաղաքականությունը Հայ Եկեղեցու նկատմամբ»), Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող պ.գ.դ. Քրիստինե Կոստիկյանը («Մայր Աթոռ Ս. Էջմիածինը իրանական տիրապետության շրջանում») և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը («16-17-րդ դարերում տեղի ունեցած թուրք-իրանական պատերազմների ավերիչ հետևանքները հայ ժողովրդի համար»): Զեկուցումներից հետո տեղի ունեցավ քննարկում: Գիտաժողովի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ամփոփված Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսի շիրմաքարի մոտ կատարվեց աղոթք Հայրապետի հոգու հանգստության համար: