Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի պաշտպանները պահանջում են արդարացնել նրան

Հասարակություն
1

7 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են արդարացնել նրան։  Պաշտպանները պահանջում են մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռը` ճանաչելով ու հռչակելով Իշխան Բարսեղյանի անմեղությունը ՀՀ քր.օր.311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում։ Ինչպես նաեւ  վերացնել Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը նրան մեղավոր ճանաչեց կաշառք վերցնելու մեջ։  Իշխան  Բարսեղյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ։ Դատավորը որոշեց այդ 1000 դոլարը փոխանցել ԱԱԾ-ին։ Իսկ կաշառք ստանալու միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը դատապարտվեց 120 հազար դրամ տուգանքի։  Եթե Էլզա Զաքարյանը ընդունել էր մեղքը, ապա Իշխան Բարսեղյանը՝ ոչ։  Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան  Աթանեսյանն էլ  դատարանից պահանջել է բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Նա պահանջում է  Էլզա Գարեգինի Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան ազատել քրեական պատասխանատվությունից` գործուն զղջալու կամ իրադրության փոփոխման հիմքով։  Էլզա Զաքարյանը տուգանվել է 120,000 դրամով։   Թեեւ գործն արդեն մակագրվել է դատավորներին, սակայն նիստի օր դեռ նշանակված չէ։