Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք մնացել ենք նույն մոդելի մեջ, երբ կա գերիշխող քաղաքական ուժ. Լարիսա Ալավերդյան

Քաղաքականություն
larisa-alaverdyan

«Այս իշխանությանը լավ հակակշիռ է պետք՝ հանձին ընդդիմության, հակառակ դեպքում մենք կմնանք հերոսի, փրկչի հույսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Մենք մնացել ենք նույն մոդելի մեջ, երբ կա գերիշխող քաղաքական ուժ: Բացարձակ չկա հակակշիռ, և եթե չկա այն, մենք ունենալու ենք բոլոր թերություններով իշխանություն: Մենք կհամարենք, որ հասարակությունը հաղթել է, երբ այդ մոդելը փոխվի»: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ իշխանության պարտականությունն է ստեղծել հնարավորություն, որպեսզի ստեղծվի ընդդիմություն, այսինքն՝ որևէ կերպ չխոչընդոտի դրա ձևավորմանը: «Մենք ունենք այն ընդդիմությունը, որը չի կարողացել զսպանակ լինել նախկին իշխանությունների այն գործողություններին, որոնք մենք դատապարտում ենք, սակայն նոր մթնոլորտի մեջ չի բացառվում, որ հին քաղաքական ուժերն իրենց կդրսևորեն նորովի»: Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթին, որտեղ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախի հողն է ուզում առանց արցախցու. դա նոր ցեղասպանություն է: «Մենք պետք է ողջունենք սա, բայց պետք է տեսնենք, թե ինչ է հետևելու այս հայտարարությունը, արդյո՞ք փոխվելու է բառապաշարը, գործիքակազմը»: