Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայացել օրակարգերի սղության պատճառով. Բալայան (տեսանյութ)
Փաշինյան-Թրամփ հանդիպման մտադրություն կար թե հայկական, թե ամերիկյան կողմից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նման հանդիպման անցկացման նպատակադրություն կար նաև ամերիկյան կողմից, որի մասին խոսել են թե դեսպանը, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաններ, հանդիպումը տեղի չունեցավ թե մեր, թե ԱՄՆ ղեկավարի օրակարգերի սղության պատճառով: Հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, դեռ առիթներ կլինեն բարձրագույն մակարդակով հանդիպում կազմակերպել ոչ միայն ԱՄՆ նախագահի հետ, այլ նաև աշխարհաքաղաքական կենտրոնների և մեր բարեկամ երկրների ղեկավարների հետ», - ասել է Բալայանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել էր Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Բալայանը անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին: «Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդրոներից հետո չէին վերադարձվել, չեմ կարող մանրամասնել, թե կոնկրետ ում են տրված եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ այդ տեղեկատվությունը պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենդսրությամբ, ես չեմ կարող անուններ հրապարակել: Դիվանագիտական 100 անձնագիր արդեն վերադարձվել է, իսկ 254-ը չեղարկվել», - տեղեկացրել է Բալայանը: Ավելի վաղ ԱԳՆ-ն սկսել է նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերանայման գործընթաց։