Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակիցների թվի շուրջ փաստարկները մեղմ ասած ծիծաղելի են. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-4

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ էին: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ գտնվելով Նյու Յորքում: «Սա չափազանց կարևոր իրադարձություն է քաղաքական կյանքի և հետհեղափոխական իրավիճակի համար, սրանք բացառիկ ընտրություններ էին, քաղաքացին չուներ ոչ մի պարտադրանք՝ ոչ ընտրակաշառքով, ոչ վարչական լծակների, ոչ թաղային հեղինակությունների կողմից: Ընտրատեղամասերում կուտակված խմբեր չկային և քաղաքացին կատարեց իր ընտրությունը: Շատ է քննարկվում ավագանու ընտրություններին մասնակցության թիվը, շատերը փորձում են ասել, որ  մեծամասնությունը չի մասնակցել և դրանից արել են քաղաքական հետևություններ, այդ փաստարկները մեղմ ասած ծիծաղելի են, քանի որ նախորդ տարի ավելի քիչ մարդ է մասնակցել նույնիսկ այն պայմաններում, երբ գազելներով, վարչական լծակներն օգտագործելով, ընտրակաշառքներով մարդկանց, ըստ էության, հարկադրաբար բերման էին ենթարկվում ընտրատեղամասեր: Բացի այդ, մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում իրական պատկերը, 20 տարի առաջ Հայաստանից հեռացած մարդիկ շարունակում են ընդգրկված լինել ցուցակում, ընտրակաշառքային ընտրություններում, անկողնում գտնվող մարդկանց ստիպողաբար բերում էին ընտրատեղամաս, իսկ հիմա պարտադրված չէին դա անել»,  -ասել է վարչապետը: Նա նշել է, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի, արդյունքները կեղծելու կարիք չունի, իսկ երբ ցածր լինի իշխանության հանդեպ վստահությունը, ապա  իշխանությունը այլևս չի լինի իշխանություն: Վարչապետի խոսքով, դիտորդները նույնպես բարձր են գնահատել ընտրությունների ընթացքը, սակայն պետք է հետևել դիտողություններին, որպեսզի ընտրական համակարգը բարձր մակարդակի հասցվի: Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների նախնական հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով,  հաղթանակ է տարել մրցակիցների նկատմամբ։