Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը

Հասարակություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

Սեպտեմբերի 17-ին  «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։            Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «...խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը...»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.

  • Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,
  • Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,
  • Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,
  • Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։
    Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
  • Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,
  • Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք, պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,
  • Դատախազությունից՝  պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։
Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ  «ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ