Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Google-ի տեխնիկական խոտան էր՝ փորձագետը Yerevan.today-ում ձայնագրության տեղադրման ամսաթվի մասին

Քաղաքականություն Հասարակություն
Samvel_Martirosyan

«Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին խուզարկություն է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկությունն իրականացրել են ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: «Yerevan. today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ ենթադրվում է, թե խմբագրությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը բոլորից շուտ է տարածել եւ հետևաբար, խմբագրությունն էլ ձայնագրել է:  Ըստ Google որոնողական համակարգի,  Yerevan.today կայքը դեռեւս սեպտեմբերի 10-ին է հրապարակել և հետո ջնջել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: Մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Google որոնողական համակարգի այդ տվյալները տեխնիկական խոտանի արդյունքն են: «Դա միանշանակ Google-ի անհասկանալի տեխնիկական խոտան էր: Ենթադրում եմ, որ էջի ծրագրային մասի տվյալների վրա է հիմնվում, այլ ոչ թե տեղադրված տեքստի։ Իմաստն այն է, որ եթե ինչ-որ բան որոնում ես, տակը գրում է, թե երբ է այդ էջը Google-ը իր մոտ պահեստավորել: Համակարգը տարբեր լրատվականների համար սխալ օրեր էր ցույց տալիս։ Եթե այդպես վերցնենք, ապա Hraparak.am-ի հղումը Google-ը  ընդհանրապես ցույց էր տալիս ավելի վաղ, քան Յութուբում հայտնվել էր տեսանյութը։ Հուսանք, որ դա չի խուզարկության հիմք դրվել,  թե չէ դա մի քիչ տարօրինակ պատճառ է, մեղմ ասած», - ասաց Մարտիրոսյանը: «Yerevan. today»-ի խմբագրի խոսքով, խուզարկությունից հետո  4-5 սկավառակներ ու խմբագրի համակարգիչն են տարել եւ խմբագրության  աշխատանքը պարալիզացվել է: