Ես քաղաքական պայմանավորվածություններից դուրս եմ. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

«Երևանի հանրություն» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը հայտարարել է, որ չունի որևէ քաղաքական պայմանավորվածություն և ոչ մեկ չի կարող ազդել նրա վրա:

«Մեր ընտրողը, տրամաբանող և Երևանի ապագայի մասին մտածող քաղաքացին է, ով կարող է ինքնուրույն կարծիք կազմել ներկայացված ծրագրերի մասին, բացի այդ, նաև հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան դրանք իրականացնելու:

Այս ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը բավականին մասնագիտացված և բարձր մակարդակի վրա են ներկայացրել Երևանի զարգացման իրենց ծրագրերը, դա այս ընտրությունների առավելությունն է և յուրահատկությունը, սակայն հարց է, թե որքանով պատրաստ կլինինեն և ունակություն, հնարավորություն կունենան դրանք իրագործելու: Մի բան է ծրագիրը ներկայացնել, այլ բան է կարողանալ այն քայլ առ քայլ իրականացնել», – ասել է Թարխանյանը լրագրողներին:

Նա նշել է, որ բացի իրենց դաշինքից, բոլոր մյուս քաղաքական ուժերը որոշ մասով ծանրաբեռնված են քաղաքական պայմանավորվածություններով.

«Oրինակ, եթե ցանկություն լինի Օպերայի հրապարակի սրճարաններից ձեռբազատվել, ապա բոլոր քաղաքական ուժերը դեմ կկանգնեն և ճնշման տակ կլինի այն քաղաքապետը, որը կուզենա այդ գործողությունը իրականացնել, միայն ես եմ բաց և դուրս քաղաքական որևէ պայմանավորվածություններից, ունակ եմ այդ խնդիրները լուծել:

Ոչ մեկ չի կարող որևէ ազդեցություն ունենալ ինձ վրա, բոլորը գիտեն իմ սկզբունքային և հետևողական պահվածքը, դա մեր առավելությունն է»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքերին, Թարխանյանը ասել է, որ դա վատ աշխատանքի հետևանք է, հատուկ քաղաքական շեշտադրում չի տեսնում, պետք է շտկել, այլ ոչ թե քաղաքանացնել հարցը: