Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անպայման կվերադառնանք արևի երկիր՝ Հայաստան»

Հասարակություն
dian

Ավարտվեց Մանկավարժական համալսարանի կազմակերպած հերթական միջազգային ամառային դպրոցը, որը Հայաստան բերեց ավելի քան 80 օտարերկրացի, և որոնք դարձան հայկական մշակույթի, արվեստի ու պատմության հերթական դեսպաններն իրենց երկրներում: Արդեն վեցերորդ տարին Մանկավարժական համալսարանն անցկացնում է ուսանողների փոխանակման, ուսումնակրթական, ժամանցային, միջազգային այս ծրագիրը: «Ամառային դպրոց- 2018» միջազգային ծրագրին այս տարի մասնակցեց ավելի քան 80 ուսանող բուհից և արտասահմանյան գործընկեր համալսարաններից՝ Լիտվայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից  և Արցախի Հանրապետությունից: 10 անմոռանալի, հետաքրքիր և հագեցած օրերը գեղեցիկ ձեռնարկով էլ ամփոփվեց ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում:      Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մասնակիցներին ծրագրի արդյունավետ անցկացման առթիվ: Ռեկտորը կարևորեց ոչ ֆորմալ կրթության դերը ուսանողների զարգացման և կրթման գործընթացում:  «Հուսով եմ և վստահ, որ դուք սիրեցիք Հայաստանը և անպայման ցանկություն կունենաք կրկին վերադառնալ մեր երկիր՝ Հայաստան»,- ամփոփեց Ռուբեն Միրզախանյանը, և ծրագրի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր, որոնք նաև երեք կրեդիտ են յուրաքանչյուրի ուսման գնահատման գործընթացում: «Կրթություն, ժառանգություն և հնարավորություններ» խորագիրը կրող այս տարվա ամառային դպրոցը հագեցած էր հատկապես ինտերակտիվ դասախոսություններով և այցելություններով Հայաստանի պատմամշակութային վայրեր: ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը նկատում է՝ այս տարվա ծրագիրը հարուստ էր ինչպես մշակութային, այնպես էլ կրթական բաղադրիչով: Իսկ դասախոսությունների թեմաները հատուկ էր ընտրված, որն էլ նպաստել է անձի, անհատի, ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը: «Այս ծրագիրը ոչ միայն մշակութային արժեքների փոխանակում է, այլև տալիս է մասնակիցներին բազմաթիվ հմտություններ, նոր գիտելիքներ և մշակութային նոր բացահայտումներ. մասնակիցները սովորում են, համեմատում ու բացահայտում են նոր արժեքներ, այն ուսանողների  մտահորիզոնի զարգացման լավագույն միջոցներից է»,- ասաց Մարիաննա Հարությունյանը: Փակման հանդիսավոր արարողությանը ուսանողները ներկայացրին իրենց ազգային երգն ու պարը, բեմադրություն, հումոր, իսկ վերջում ժամանցային և մշակութային գերհագեցած առօրյան ու տպավորությունները յուրաքանչյուր խումբ ամփոփեց տեսաշարով: Օտարազգի ուսանողները շատ տպավորված էին Հայաստանով և ծրագրով: Հենց օդանավակայանից հասցրել էին արդեն սիրել Հայաստանը, իսկ հետո սիրահարվել են հայկական բնաշխարհին և մշակույթին: Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ներկայացուցիչ Անդրիեկուտե Աստան  շատ ուրախ է, որ հենց իրեն  է նման հնավարություն ընձեռվել՝ ծանոթանալ հայկական կրթական մոդելին, ստանալ նոր գիտելիքներ, ունենալ նոր ընկերներ: «Այստեղ ձեռք բերեցի շատ հմտություններ, որոնք ինձ հետագայում հաստատ անհրաժեշտ են լինելու, շատ սիրեցի Հայաստանը՝ իր ամեն ոլորտով, հաստատ կվերադառնամ այս երկիր»,- ասաց Աստան: Իսկ Չինաստանի Հարավ-արևմտյան համալսարանի մասնակից Յու Յալլան հատկապես տպավորված էր ծրագրի դասախոսներից: «Ձեր մասնագետները իրականում շատ լավն են ու բանիմաց: Շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այս հիանալի ծրագրին: Դեռ Հայաստանից չհեռացած արդեն կարոտում եմ: Հատկապես տպավորիչ էին հայկական եկեղեցիներն ու ճարտարապետությունը»,- ասաց Յու Յալլան և հավալեց, որ ամենաշատ կկարոտի իր ընկներին: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են այցեր պատմամշակութային վայրեր, մասնակիցները ծանոթացել են հայոց պատմությանն ու արժեքներին, հայ երիտասարդների կյանքին, հայկական կրթական մոդելին, ունեցել հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ և ժամանցային խաղեր: Բոլոր մասնակիցները վերջում Մանկավարժական համալսարանին շնորհակալություն հայտնեցին նման արդյունավետ, տպավորիչ և անմոռանալի ծրագիր կազմակերպելու համար, և խոստացան անպայման վերադառնալ արևոտ և հյուրընկալ Հայաստան: Նշենք, որ Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացվող տասնօրյա «Ամառային դպրոց-2018»  միջազգային ծրագրի մասնակիցները ներկայացնում էին Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ, Լիտվայի կրթական գիտությունների, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական, պետական մանկավարժական, Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի,  Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական, Չինաստանի Հարավ-արևմտյան, Ֆինլանդիայի Օուլուի, Արցախի պետական և հայկական պետական մանկավարժական համալսարանները: