Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գութան»-ն իր վրա է վերցրել հայ ազգային-ավանդական մշակույթը պահպանելու առաքելությունը

Քաղաքականություն
3-3

Պահպանել հայ ազգային-ավանդական երաժշտարվեստը՝ երգարվեստն ու պարարվեստը, տարածել այն ու փոխանցել սերնդեսերունդ.հենց այս առաքելությունն է իր վրա վերցրել «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: Արդեն 5-րդ անգամ կազմակերպվող մշակութային տոնն այս անգամ տեղի կունենա օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ազգային-ավանդական երգ ու պարի երկրպագուներին ինքնատիպ տոն պարգևող փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Բացառապես կենդանի նվագակցություն՝ ազգային նվագարանների ուղեկցությամբ.այս տարի ևս փառատոնի մասնակից խմբերը կներկայացնեն ամբողջական Հայաստանի որևէ տարածքի ֆոլկլորը: Նշենք, որ փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար», «Վերադարձ» ավանդական երգի պարի համույթները: Նրանք ոգևորված աշխատել են ու պատրաստվել՝ ըստ արժանվույն ներկայանալու «Գութան»-ին: Ընդ որում, փառատոնին մասնակցում են նաև իրադարձությանը երբևէ հանդես չեկած ազգային-ավանդական երգի-պարի խմբեր: Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 24-ից երկու օր շուտ: Օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում: «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից: