Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի շատ հնդիկ կգա Հայաստան. հարցազրույց Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ (տեսանյութ)

Հարցազրույց
slk2xyIEnM0

1947 թվականից  ուժի մեջ մտավ Հնդկաստանի Անկախության Ակտը, և երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիում առաջին անգամ բարձրացրեց անկախ Հնդկաստանի ազգային դրոշը:  Մեծ Բրիտանիայից անկախացած Հնդկաստանում տոնը նշվում է անկախ ազգային պատկանելությունից կամ դավանանքից ու խորհրդանշում է ժողովրդավարական Հնդկաստանի միաբան լինելու ձգտումը:  Երկրի  բոլոր  քաղաքներում այս օրը պետական պաշտոնյաների  եւ  հանրային գործիչների ներկայությամբ կատարվում Է դրոշի բարձրացման արարողություն: Հնդկաստանի անկախության հռչակման 71-րդ տարեդարձը նշվեց  նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը՝ ազգային   դրոշի հանդիսավոր    բարձրացման արարողությամբ: «Մեզ համար կարեւոր  այս օրվա միջոցառումներին  հրավիրել ենք Հայաստանում բնակվող բոլոր հնդիկներին եւ Հնդկաստանի բարեկամներին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում եւ  Վրաստանում  Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր  դեսպան Յոգեշվար Սանգվանը: Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թվականից:  Դրանք,  ըստ դեսպանի,  միշտ հրաշալի են եղել: «Անկախ նրանից,  թե որ կառավարությունը կամ   նախագահն է իշխանության գլուխ, Հայաստանի հետ մեր հարաբերությունները հրաշալի են:  Հայաստանի նախկին 3 նախագահները  այցելել  են Հնդկաստան, մեր  2 փոխնախագահները եղել են  Հայաստանում: Փոխնախագահ Համիդ Անսարին  այցելել է նախորդ տարվա ապրիլին: Մենք Հայաստանի հետ ունենք հրաշալի քաղաքական հարաբերություններ, միմյանց աջակցում ենք  նաեւ միջազգային հարթակներում,  ՄԱԿ-ում:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս  հանդիպման ժամանակ էլ, նա անձամբ վերահաստատեց, որ Հնդկաստանը այն 5 երկրների թվում է, որոնց հետ    Հայաստանը զարգացնելու  հարաբերությունները: Այնպես որ, հայ-հնդկական հարաբերությունները շարունակելու են մնալ հրաշալի ու զարգանալ»,-նշեց Հնդկաստանի դեսպանը: Յոգեշվար Սանգվանը միաժամանակ նկատեց, որ ներկայում   կենտրոնացել են  Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ առեւտրական, տնտեսական ու  մշակութային հարաբերությունները ընդլայնելու վրա:    «Առավելապես  փորձում ենք խորացնել բիզնես կապերը,  մարդկանց միջեւ կապերը:  Բիզնես  ոլորտում   հարաբերությունները ցանկալի նշաձողին դեռ չեն հասել, սակայն,  մենք ձգտում ենք  զարգացնել  հարաբերությունները,  կազմակերպել բիզնես պատվիրակությունների այցեր Հայաստան»,-ասաց նա:   Վերջերս  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հնդկաստանի  դեսպանի հետ հանդիպման ժամանակ   Հայաստան էր հրավիրել շուրջ 100 հնդիկ գործարարի: Ըստ դեսպան Սանգվանի,  այդ գործընթացն  արդեն ընթանում է ու շարունակական է   լինելու:  Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 21-ից Հայաստանը պարզեցրել  է Հնդկաստանի քաղաքացիներին   մուտքի արտոնագրեր տրամադրելու գործընթացը:    Դրական տեղաշարժն արդեն երեւում է:     «Հայերի համար եւս խնդիր չէ գնալ Հնդկաստան: Նրանք կարող են գալ դեսպանություն եւ տեղում ստանալ վիզա,  ինչպես նաեւ կարող են ստանալ էլեկտրոնային վիզա: Հիմա երկու երկրների միջեւ այս գործընթացի արդյունքում   մարդիկ ավելի շատ կգան Հայաստան, կզարգանա նաեւ տուրիզմը,  ավելի շատ գործարարներ  ու Բոլիվուդյան պրոդյուսերներ կգան, քանի որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է նկարահանումներ կատարելու համար: Վերջերս  «Էյր Արաբիա» ընկերությունը Հայաստան էր  հրավիրել Բոլիվուդյան հայտնի դերասանուհի Հումա  Կուրեշիին եւ նրա  եղբորը:  Նրանց հետ էր նաեւ  Բոլիվուդյան   հայտնի ռեժիսոր, որը մտածում է  Հայաստանում ֆիլմի նկարահանման մասին:  Այնպես որ, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը   աճում է»,-ասաց Յոգեշվար Սանգվանը: Ի դեպ,  Հնդկաստանի Հարիանա նահանգի  եւ Հայաստանի Շիրակի մարզի  ղեկավարների  միջեւ նախորդ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել ընդլայնել  համագործակցությունը, հատկապես մշակույթի ու սպորտի ոլորտներում: Նախաձեռնությունը Հնդկաստանի դեսպանը ողջունելի համարեց. «Գաղափարը լավն է, կարծում եմ, որ այն կխթանի Հարիանայի ու Շիրակի  միջեւ բիզնես կապերը, մարդկանց միջեւ կապերը»: