Վերջնագիր՝ «Սանիթեքին» (տեսանյութ)

«Դուք ունեք յոթ օր Երեւանը   Դ կետից  Ա  կետ բարձրացնելու  համար. Ինչ խնդիրներ ունեք՝ դա մեզ չի հետաքրքրում»:  

Սա այն վերջնագիրն է,  որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն  այսօր   ներկայացրեց   «Սանիթեք Հայաստան»  ընկերության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:

«Սանիթեք Հայաստանը»՝   «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ», թափոնների կառավարման միջազգային ընկերության մասնաճյուղն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լիբանանում։ Ընկերությունը   2014 թ. դեկտեմբերից    աղբահանության աշխատանքներ է կատարում Երևանում։

Սանիթեքը հաղթել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում:  Երևանի 12 վարչական շրջաններից 11-ում   աղբահանության աշխատանքներն իրականացնելու համար,  ընկերությունը սկզբնապես ներդրել է 10 միլիոն եվրո,    նախատեսելով 2015 թ. ավարտին արդեն ներդրումները հասցնել 20 միլիոն եվրոյի: 

Բողոքի ակցիայի  ժամանակ   «Ելք»-ի անդամները  բարձրախոսներով հայտարարեցին իրենց պահանջները: 

 «Սանիթեքը  չի ապահովում աղբահանման բնականոն  ընթացքը, մայրաքաղաքը   թաղված է աղբակույտի ու գարշահոտության մեջ:  Եվ սա այն  ժամանակահատվածում, երբ  զբոսաշրջիկների թիվը մեծանում է. Չի ստացվում իրենց մոտ,  ծախսելով միլիոնավոր դոլարներ՝ չեն կարողանում ապահովել արդյունավետ կառավարում»,-ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Ամեն  առավոտ ստանում ենք բազմաթիվ լուսանկարներ  եւ փաստեր,  որոնք վկայում են,  որ  «Սանիեթեքը»  աղբահանությունը պատշաճ չի  իրականացնում,  ու  լինելով միակ աղբահանող ընկերությունը՝  արդեն երկու տարի  խոստումերով խաբում է բոլորին»,-ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: 

Բողոքի  ակցիային միացան նաեւ  ընկերության գրասենյակի տարածքում բնակվող քաղաքացիները: Ըստ նրանց, ամառվա այս շոգին ստիպված փակում են պատուհանները, քանի որ դրսից եկող աղբի հոտը լցվում է  բնակարանները, ահավոր աղմուկ են բարձրացնում նաեւ աղբահանող մեքենաները:

Քիչ անց, ակցիայի  անդամների հետ հանդիպման եկավ  «Սանիթեքի»  ղեկավար   Նիկոլաս Թավիլը, որին նրանք հանձնեցին պահանջագիր-նամակը: Խոստացավ    պատասխանել դրան: 

 «Երեկ մեր մամուլի ասուլիսի ժամանակ   հանդես ենք եկել հայտարարությամբ եւ քննարկել խնդիրերը: Հարգում ենք «Ելք»-ի եւ բոլոր բնակիչների  տեսակետները»,- ասաց նա:  

Ըստ Թավիլի,   Հայաստանում երեքամյա գործունեության ընթացքում   խնդիրներ եղել են: Նախորդ տարի ութ օրով, այս տարի՝ երկու շաբաթով:

«Այո, սխալներ կան: Մի մասը  մեր ,  մյուսը՝ արտակարգ պայմանների   պատճառով։  Կլուծենք բոլոր խնդիրները՝  կամաց-կամաց։ Երեկ ասուլիսի ժամանակ  ներկայացրեցինք,   թե ինչ ենք անելու եւ որքան կարժենան այդ  ծառայությունները: Մենք չենք խուսափում    պատասխանատվությունից, ու  եթե ցանկանում եք,  կարող ենք միասին գնալ մեր գրասենյակ նստել, քննարկել  բոլոր խնդիրները  միասին»,-ասաց նա: 

Իսկ մինչ «Սանիթեք» -ը կլուծի ներքին խնդիրները, «Ելք»-ը   նաեւ տեղեկացրեց.  կետ առ կետ ուսումնասիրելու է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը:  Համոզված են՝ կհայտնաբերեն բազմաթիվ խախտումներ։

Այդ դեպքում արդեն, ըստ «Ելք»-ի ՝ ելքը մեկն է՝  «Սանիթեքի» հետ   պայմանագիրը լուծարել: