Մենակատարին մոսկովյան հյուրախաղերից առաջ տանում են բանակ (տեսանյութ)

Մոսկվայում վաճառվել են  «Գայանե» բալետի բոլոր տոմսերը։ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Մոսկվայի Մեծ թատրոնում    «Գայանե»-ն ներկայացնելու է հուլիսի 24-ին։

Վերջին անգամ այս բալետը ներկայացվել է 60 տարի առաջ, իսկ  մեր թատրոնի դերասանները վերջին անգամ  հյուրախաղերով  25 տարի առաջ են եղել Մոսկվայի Մեծ թատրոնում:

 Գեղավերստական ղեկավար Կոնստանտին  Օրբելյանն ամփոփեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանը և ներկայացրեց աշխատանքները, անդրադարձավ առաջիկա, մասնավորապես՝ Դուբայի և Քուվեյթի հյուրախաղերին և պրեմիերաներին։

Նա խոսեց նաև  առկա խնդիրների և իր անձնական ներդրումների մասին։  «Կախարդական սրինգ», և «Կարմեն» օպերաների նոր բեմադրությունների համար թատրոնը որևէ «կոպեկ» չի ծախսել: Սա բացառապես Օրբելյանի և նրա ընկերների կողմից արված ներդրումներն են։

«Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու 18 տարին լրացած պարային մենակատարների բանակ զորակոչվելու հարցը, Օրբելյանն ասաց, որ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ,  բայց պատասխան դեռ չունեն: Նա մասնավորապես խոսեց  միջազգային մրցանակների դափնեկիր մենապարող Ռազմիկ Մարուքյանի մասին, որը վաղը պետք է զորակոչվի բանակ, այնինչ նա ընդգրկված է «Գայանե» բալետային ներկայացման հյուրախաղերում:

Այսօր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում «Արշակ Բ» ներկայացումից առաջ կայացավ Արշակ Բ հայկական առաջին օպերայի 150 ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը:  Իսկ  Արշակ Բ-ի դերում հանդես է գալու  Բարսեղ  Թումանյանը։