Ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացմանը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել պետական-հասարակական  գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետև նրա կյանքը և գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի և գործունեության, ով ծնվեց, ապրեց և մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն և ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը: Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է:

Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար և նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետևանքով և ամբողջացրեց իր առաքելությունը: Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք:

Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան և Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է և հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան»: