Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազմակերպված խմբի կազմում միայնակ է եղե՞լ

Հասարակություն
artur-movsesyan

 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կալանավորված Արթուր Մովսիսյանը միայնակ մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում հանցագործություն կատարելու մեջ։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հունիսի 13-ի իր որոշմամբ գտել էր, որ կազմակերպված խումբ գոյություն չունի: Հենց դա էլ հաշվի առնելով՝ պաշտպան Արայիկ Պապիկյանը վճռաբեկ բողոքից բացի, միջնորդություն է ներկայացրել՝ փոխել Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը: «Մնացել է միայն նա, ով մեղավոր է ճանաչվել։ Դա անհեթեթեւթյուն է, որովհետեւ քրեական օրենսդրությունը ասում է, որ մեկից ավելի անձինք նոր կարող են համարվել խումբ՝ առավել եւս կազմակերպված խումբ։ Բայց իր դեպքում ավելի անհեթեթ է, որովհետեւ նա նույնիսկ Հայաստանում չի եղել, ենթադրյալ հանցանքը, որը տեղի է ունեցել, Հայաստանում չի էլ եղել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպանը։ Արթուր Մովսիսյանը բացմիցս է հայտարարել, որ իրենից ցանկացել են ցուցմունք կորզել Ժիրայր Սեֆիլյանի դեմ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա քննիչների համար ցանկալի ցուցմունք չի տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ, դատարանում էլ չի համագործակցել եւ ցանկալի ցուցմունքներ չի տվել, սա քաղաքական պատվեր էր։ Որեւէ դատավոր չէր համարձակվի ռեժիմի կամքին հակառակ որեւէ որոշում կայացնել։ Արթուր Մովսիսյանի վճիռը կայացրած դատավորը եւ վերաքննիչ դատարանի կազմը հանցավոր գործողություն են արել, երբ Արթուր Մովսիսյանին դատապարտել են կազմակերպված խմբի կազմում հանցանք գործելու հոդվածով»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը։ Մոտ մեկ ամիս առաջ է պաշտպանը ներկայացրել բողոքը։ Ըստ կարգի՝ Վճռաբեկ դատարանը 3 ամսվա ընթացքում բողոքը պետք է վարույթ ընդունի․ «Սա այն դեպքն է, երբ Վճռաբեկը շատ արագ հարցին պետք է լուծում տա։ Չափից դուրս արագ, նույնիսկ գիշերը: Վճռաբեկ դատարանը արհամարհում է մարդու ազատությունը եւ հարցի հրատապությունը»։ Արթուր Մովսիսյանն անազատության մեջ գտնվելու ընթացքում նաեւ առողջական խնդիրներ է ձեռք բերել, սակայն անհրաժեշտ վիրահատությունը չի կատարվում։ Պաշտպանի խոսքերով՝ Արթուր Մովսիսյանը համբերատար սպասում է, որ Հայաստանում դատարանները կսկսեն օրինական աշխատել։