«Սասնա ծռեր»-ը դադարեցրել են հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը դադարեցրել են հացադուլը։ Նրանք հացադուլ էին սկսել մայիսի 9-ից՝  միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանի՝  քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։

 10-օրյա հացադուլը դադարեցնելը, սակայն չի նշանակում, որ նրանք հրաժարվում են իրենց պահանջներից։ «Նրանք պայքարի նոր փուլ են թեւակոխել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

 Այս պահին հացադուլը շարունակում է միայն Գարեգին Չուքասզյանը։

  Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը եւ գործով անցնող 9 այլ անձինք  երեք օր մնացին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթի նստավայրում, քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը չփոխեց նրանց խափանման միջոցը։ Աջակիցներն էլ ի նշան բողոքի՝ փակեցին դատարանի մուտքը։ Միայն մայիսի 19-ի կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

 ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում մնացած  «Սասնա Ծռեր»-ը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը սա  համարում է կեղծ տեղեկություն․ «Նրանք ասել են, քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են,  մնալու են դատարանում»։

   «Սասնա ծռեր»-ի երկու գործերով դատավորները չեն փոխել նրանց խափանման միջոցները։ Նիստ չի անցկացրել միայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը։