Պարույր Հայրիկյանն առաջնորդի անունն է տալիս (տեսանյութ)
Քաղաքացիները հիշում են, որ իրենց այն ժամանակվա նախագահն ազդարարեց, որ ինքն այլեւս որեւէ պետական պաշտոնի չի հավակնելու, այսօր մենք տեղեկանում ենք, որ նրա խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան: «Հիմա ինչպե՞ս պիտի ապրի Հայաստանի քաղաքացին, որ ունի այսպիսի ղեկավար, որի խոսքերին չի կարելի հավատալ: Սա հարցի բարոյական կողմն է, իսկ ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա Սահմանադրությունն ընդունվեց բազմաթիվ խախտումներով՝ ուրացվեց այլընտրանքը եւ քաղաքացիների իրավունքները նվազեցվեցին»: Ըստ ԱԻՄ առաջնորդի, այսօրվա Հայաստանի որպես պաշտոնապես նախագահ ճանաչված անձը եւ վաղը, որպես վարչապետի միակ թեկնածու ներկայացվող անձը վերջին ընտրություններում չեն ստացել քաղաքացիների ձայնը: « Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որեւէ մեկը չի ասել, որ մեր հաջողության դեպքում Հայաստանի նախագահ կամ վարչապետ է դառնալու այս կամ այն անձը: Սա քաղաքական լուրջ բացթողում է եւ ընդգծված արհամարհանք քաղաքացիների նկատմամբ։ Հիմա արի Հայաստանի քաղաքացի ու ապրիր իր խոսքը ուրացող երկրի ղեկավարի առաջնորդությամբ»: Մեր ժողովուրդը շատ լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, մենք պետք է քաղաքացիներին երկրի տերը դարձնենք, համոզված է Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ-ի կողմից բոլոր շարժումները ողջունելի են, նրանք բոլոր դրական նախաձեռնությունների կողքին ենք։ Հարցին, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է համախմբել ժողովրդին եւ ստանձնել առաջնորդի դերը: Հայրիկյանը նշեց. «Առաջնորդի դերը եւ մարդկանց համախմբվածությունը կարեւոր է: Պիտի ուղղորդողը հասկանա, թե ո՞րն է ստրատեգիական նպատակը»: Նիկոլ Փաշինյանի շուրջ կհամախմբվե՞ն, թե ո՞չ , Պարույր Հայրիկյանը նշեց, որ կարեւորը ռազմավարական նպատակն է: «Նիկոլ Փաշինյանը առաջնորդ է, էդմոն Մարուքյանը առաջնորդ է, նաեւ Զարուհի Փոստանջյանը, բայց ամեն մեկը իրենց ոլորտում է: Լավ կլիներ , որ բոլոր հավակնություն ու փորձառություն ունեցող մարդիկ համախմբվեն եւ իրար հավատարիմ, ազնիվ լինեն: Այստեղ կարեւոր է ազնվությունն ու շիտակությունը»: