Տիգրան Մանսուրյանի «Արի տուն»-ը բոլոր մարդկանց կանչում է տուն

«Արի տուն, տուն արի» այս երկու բառն է  հնչում Տիգրան Մանսուրյանի «Արի տուն» ստեղծագործության  մեջ։ Մաեստրոն այն գրել է «Գյուրջիև» համույթի համար։ Ստեղծագործությունը գրել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից ազդված։

«Միևնույնն է, այդ բոլորը պետք է ավարտվի և մենք բոլորս պետք է վերադառնանք տուն, նոր կեցություն գտնելու հույսով, որպեսզի ամեն մարդ իր տունը գնա, իր տանը ապահով լինի, ամեն մեկի համար իր տունը ամենաթանկն է»,- ասում է մաեստրոն։

Նա նաև շեշտում է՝ նման ստեղծագործություն գրելը շատ բարդ էր իր համար։

«Շատ անսովոր մի բնագավառ՝ժողգործիքների բնագավառ մուտք գործեցի։ Դրանց շատ բարդ է տիրապետելը, ներդաշնակելը»,- ավելացնում է Տիգրան Մանսուրյանը։  

«Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը  արդեն 10 տարի է դասական ստեղծագործությունները  մշակում է   հայկական և արևելյան ժողգործիքների  համար։  Սկզբում կատարում էին Գյուրջիեւի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։

Գյուրջիև համույթը  առաջիկայում   համերգներ կունենա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նրանք հանդես կգան սիրիական «Հիուար» անսամբլի հետ։ Լևոն Էսկենյանը ասում է, որ համերգների հիմնական խորագիրն է՝ խաղաղություն մաղթել Սիրիային և հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնել սիրիացիներին։

«Չնայած սիրիացիները փախստական են այսօր ամբողջ աշխարհում, սակայն չմռանանք, որ 1 դար առաջ սիրիացի ժողովուրդն է եղել այն ժողովուրդը, որը բարյացկամորեն ընդունել է ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդին, տուն է տվել, որպեսզի կարողանան հաստատվել այնտեղ։ Դա չպետք է մոռանանք»,- ասում է Լևոն Էսկենյանը։

«Գյուրջիեւ» համույթն իր 10-ամյա գործունեության ընթացքում համերգներ է ունեցել Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արեւելքի ավելի քան 20 երկրներում, իսկ նրանց  «Կոմիտաս» ալբոմում զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում: