Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիվասել ՄՏՍ» բաժնետերերից մեկը լուծարվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
HCKH

«ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունն այլեւս «Վիվասել ՄՏՍ» ընկերության բաժնետերը չէ: ՀԾԿՀ-ն այս ընկերությանը, «Վիվասել ՄՏՍ»-ի դիմումի համաձայն, բաժնետերերի շղթայից՝ որպես միջանկյալ օղակ, հանեց: «Վիվասել ՄՏՍ-Հայաստան», «ԿՏ հոլդինգ», «Արամայո»... Հիմա «ԿՏ հոլդինգը» լուծարվում է, անմիջական բաժնետերեր է հանդիսանում «Արամայո» ընկերությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), հեռահողորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:   «Ոչ պետքական օղակ շղթայի մեջ մենք լուծարում ենք՝ առավել արդյունավետ կառավարելու տեսանկյունից: Ըստ էության, ոչ մի բան չի փոփոխվում, այսինքն, համամասնությունը՝ 80 տոկոս բաժնետոմսերի պատկանելիությունը՝ ռուսական «ՄՏՍ գրուպի»-ինն է, նույն կերպ պահպանվելու է»,- իր հերթին նշեց  «Վիվասել ՄՏՍ» ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը:  «Բա էդքան անպետք բանն ինչո՞ւ էիք այսքան ժամանակ պահում»,- կես կատակ, կես լուրջ հետաքրքրվեց  ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Դա վելի շատ բաժնետերերի որոշումն էր, որ այս էտապում այդ ամեն ինչն արվի. մեր որոշելու հարցը չէր դա»,- նշեց Արմինե Սարգսյանը:   ՀԾԿՀ-ն «Վիվասել ՄՏՍ»-ի դիմումն ընդունեց միաձայն: Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում եւ որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր Կիպրոսում՝ կրկին օֆշորային գոտում գրանցված «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը: «Ես ոչ մի պատասխան ձեզ չեմ տալու, գրավոր դիմեք մեր PR բաժնին»,- լրագրողների որեւէ այլ պարզաբանում հրաժարավեց տալ «Վիվասել ՄՏՍ» ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը: Երբ հանձնաժողովն ուսումնասիրել է բաժնետերերի փաստաթղթերը, արդյո՞ք մտահոգություն չի առաջացրել օֆշորային գոտիներում նրանց՝ գրանցված լինելու հանգամանքը: «Օրենքի համաձայն, եթե Կարգավորողը գտնում է, որ փաստացի սեփականատերը կամ ընկերության գործունեությունը կանխորոշող անձը չի փոխվում, ապա Կարգավորողը պարտավոր է տալ թույլտվությունը: Ինչպես ես նշեցի՝ փաստացի սեփականատիրոջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ուստի, հանձնաժողովը պարզապես օրենքի ուժով պարտավոր է տալ նշված թույլտվությունը»,- ավելացրեց ՀԾԿՀ հեռահողորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:   ՀԾԿՀ որոշումն ուժի է մտնում ստորագրման պահից սկսած: