Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը՝ Հայկ Կյուրեղյանի գործով (տեսանյութ)

Հասարակություն
shant-krakox1

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի երկրորդ  գանգատը:  Այս մեկն արդեն   վերաբերում է ոչ թե բուն գործին, այլ ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելուն: «Հուսով եմ, որ կճանաչվի ՄԻԵԴ 3-րդ հոդվածի խախտում, որովհետեւ Հայկ Կյուրեղյանը զրկված է եղել  իր նկատմամբ կիրառված բռնության արդյունավետ քննության իրավունքից եւ բացի դրանից որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:  Մինչդեռ բազմաթիվ ապացույցներով հիմնավորվում է, որ իրականում բերման ենթարկվելիս եւ հետո նաեւ ոստիկանության բաժնում  բռնություն է գործադրվել նրա նկատմամբ»,- ասում է Լուսինե Սահակյանը: Գանգատը ՄԻԵԴ ներկայացրած փաստաբաններից Լուսինե Սահակյանը նշում է, որ  արդեն  Եվրադատարանը  հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը: Եւ եթե ՄԻԵԴ-ը ճանաչեց խախտում, ապա Հայաստանի կառավարությունը պարտավոր է քննություն իրականացնել, պարզել մեղավորներին եւ նրանց ենթարկել պատասխանատվության: «ՄԻԵԴ-ը գտնում է, որ բռնություն գործադրած ոստիկանները իրականում պետք է ենթարկվեն պատասխանատվության, որպեսզի կանխվեն հաջորդիվ բռնությունները:  Եթե  ոստիկանը չի ենթարկվում իրական պատասխանատվության,  արդեն ակնհայտ է, որ մյուս ոստիկանները շարունակելու են բռնություն իրականացնել»:    Հարազատներն  ամսվա մեջ երկու անգամ տեսակցում են Հայկ Կյուրեղյանին, որն առողջական խնդիրներ ունի։ «Առողջական խնդիրներ ունի, որն առաջացել է իր հացադուլի եւ ջրադուլի մեջ գտնվելու ընթացքում:  Հետազոտման կարիք ունի, ավելի մանրամասն հետազոտման, բայց այդ հետազոտումը բանտային պայմաններում իրականացնել հնարավոր չէ: Մենք գիտենք, թե հայաստանյան բանտերում ինչպես են հետեւում կալանավորների առողջությանը»,- ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստին   Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի  վրա ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:   9 տարվա ազատազրկման դատավճիռը կայացվել էր 2015թ սեպտեմբերի 15-ին։