Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարկային նոր օրենսգիրքը կհարվածի բարձր եկամուտ ունեցողներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ka8en-Va8danyan

Արդեն ուժի մեջ մտած «Հարկային նոր օրենսգիրքը» կհարվածի առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ոլորտի խթանման կամ արգելակման ամենաազդցիկ գործիքներից մեկը Հարկային օրենսդրությունն է: Երբ արդեն պարզ էր, որ եկամտահարկը «սպիտակ դաշտում» կտրուկ բարձրանում է, մենք ժամանակին ահազանգել ենք, որ նման բան չի կարելի անել, բայց պետության ներկայացուցիչը՝ Վաչե Գաբրիելյանը, բանակցությունների ժամանակ սակարկել էր մեր շահերը, այսինքն՝ փոխանակ ստվերային դաշտից ստվերը քչացվի, ստվերային դաշտից գումար բերվի, որոշում է ընդունել հարվածը ուղղել «սպիտակ դաշտում» աշխատող ընկերություններին»,- նշեց Կարեն Վարդանյանը:  Ըստ Հարկային նոր օրենսդրության՝ մինչև 2 միլիոն աշխատավարձ ունեցողների եկամտահարկը կավելանա 2 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավել աշխատավարձ ունեցողների եկամտահարկը կավելանա շուրջ 200 հազար դրամով: Ըստ Կարեն Վարդանյանի՝ Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը հարց են բարձրացնում, թե ինչպես է վճարվելու 6 միլիարդից ավելի արտաքին պարտքը: Այսինքն՝ առաջանում է անհրաժեշտություն այնպիսի օրենսդրություն ընդունելու, որ այդ պարտքը հնարավոր լինի տալ: «Պարզ է՝ ստվերային դաշտը, քանի որ ուղղակիորեն կապված է իշխանությունների հետ, իրենք իրենց մաքսիմալ կոմֆորտ գոտու մեջ են պահում, այսինքն՝ ստվերային դաշտին չեն հարվածում: Բայց, քանի որ ինչ-որ տեղից այդ գումարը պետք է գտնեն, հայացքն ուղղում են սպիտակ դաշտում տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցերի վրա»,- ասաց Կարեն Վարդանյանը: Ոլորտում այս պահին կա 600 միլիոն դոլարի շրջանառություն, որի շուրջ 90 տոկոսը աշխատավարձերն են կազմում: Այդ աշխատավարձերի 2 տոկոսը մոտավորապես կկազմի 10 միլիոն դոլար: «Կազմակերպության համար դժվար չէ իր աշխատակցի աշխատավարձը բարձրացնելով այդ 2 տոկոսը կոմպենսացնելը, բայց այդ 2 տոկոսները գումարվելով մեծ գումար են կազմում: Կազմակերպությունները 10 միլիոնի վնաս են ստանում: Բիզնեսը լուրջ հարված է ստանում սրա հետևանքով, որովհետև այն ծախսերը, որը ընկերությունը պետք է աներ շուկայավարման և զարգացման համար, ստիպված է ծախսերը կրճատել, որպեսզի ինչ-որ մեկի ցնորքը կատարի»,- փաստում է Կարեն Վարդանյանը: Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենք դեռ օրենքն ընդունելուց առաջ էին իրենց բողոքի ձայնը բարձրացրել և ասել իշխանություններին, որ եկամտահարկի նման բարձրացումը խնդիրներ կհարուցի այս ոլորտում, բայց ոլորտի մասնագետների առաջարկները չէին ընդունվել: