Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ստանձնում է երեխայի պաշտպանությունը

Հասարակություն
0-18

2017 թվականի նոյեմբերի 15-ին քաղաքացի Մ․Ս․-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն առ այն, որ իր որդին 2017 թվականի նոյեմբերի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ենթարկվել է բռնության և դաժան վերաբերմունքի։ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագոզյանը ստանձնել է  Մ․Ս․-ի և իր որդու իրավական աջակցությունը:             Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 13-ին shamshyan.com կայքում տեղադրել էր «Սկանդալ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում. 1-ին դասարանի տղայի ձեռքերը սկոտչով կապել են, տարել զուգարան, ծեծի ենթարկել ու կտրել թարթիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերնագրով նյութ։ Հրապարաված նյութում մասնավորապես նշվում էր, որ Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Մ․Ս․-ի որդին ենթարկվել է բռնության և դաժան վերաբերմունքի իր համադասարանցիների կողմից։ Վերը նշված հրապարակմանը հաջորդեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի և աշխատակազմի հարցազրույցների մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներին, որտեղ վերջիններս նշում էին, որ երեխան ունի առողջական խնդիրներ, իսկ ծնողներն էլ ամուսնալուծված են։ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հորդորում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ պաշտոնատար անձանց՝ մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարին զերծ մնալ կանխակալ կարծիք հայտնելուց։ Կազմակերպությունը դատապարտում է անձնական կյանքի իրավունքի ոտնահարումը։ Անձնական կյանքի իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: