Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղալիքներից հետո ռիսկային հաջորդ ոլորտը ԱԳԼՃԿ-ներն են

Հասարակություն
xalikyan

Կոսմետիկայի շուկայում այս տարի սկսված ստուգումների արդյունքները ցույց են տվել՝ ոլորտում ապրանքների սերտիֆիկացման լուրջ խնդիր կա, քանի որ ստուգման ենթարկված ընկերություններից ընդամենը մեկում խնդիրներ չեն հայտնաբերվել։ Մյուսները՝ 90 տոկոսը տուգանվել են եւ ստիպված են եղել ապրանքը շուկայահանելուց առաջ ներկայացնել սերտիֆիկացման։ «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը։

«Իսկ սերտիֆիկատն այսօր միակ միջոցն է, որով մենք կարող են հավաստիանալ ապրանքի որակի մասին։ Դրա առկայությունը վկայում է, որ ապրանքն անցել է փորձարկում եւ անվտանգ է։ Ուստի կոչ եմ անում նաեւ սպառողներին՝ չխուսափել եւ ապրանքներ գնելուց պահանջել սերտիֆիկատ, դուք եք ձեր առաջին պաշտպանը»,- նշեց Լեւոն Խալիկյանը։ ՇՎՏՄ ղեկավարը նշեց, որ ճիշտ է, տեսչությունը վերահսկում է շուկան եւ կիրառում պատասխանատվության միջոցներ, սակայն խնդիրն ամենեւին տնտեսվարողներին պատժելը եւ տուգանելը չէ, այլ ապահով եւ անվտանգ դաշտ ձեւավորելը։ Գրեթե նույնն է եղել իրավիճակը խաղալիքների շուկայում, որտեղ ստուգման ենթարկված ընկերությունների 70 տոկոսը չի ունեցել սերտիֆիկատ։ Խալիկյանն այս առումով սպառողներին հորդորեց խաղալիքներ գնել մասնագիտացված խանութներից եւ խուսափել անհայտ ծագման եւ անհայտ վաճառակետերում իրացվող ապրանքներից՝ հանուն մեր երեխաների առողջույան եւ անվտանգության։ Ռիսկային հաջորդ ոլորտը, որտեղ լուրջ փոփոխություններ են սպասվում առաջիկայում, գազալիցքավորումն է՝ ԱԳԼՃԿ-ները։ Օրենսդրական նոր փոփոխությունը կհանգեցնի դժբախտ դեպքերի նվազմանը, քանի որ կկարգավորվի ինչպես սահմանվածից ավելի բարձր ճնշումով լիցքավորելու խնդիրը, այնպես էլ անհայտ ծագման եւ տեխնիկական անհայտ պայմաններում տեղադրված գազի բալոնների շահագործումը։ Խալիկյանն ընդգծեց, որ տեխնիկական կանոնակարգերի հաստատումից հետո 8-րդ ամիսն է, ինչ ՇՎՏՄ-ն սկսել է ստուգումներ իրականացնել, եւ արդեն այժմ արձանագրվել է ապրանքների սերտիֆիկացման ցուցանիշի 24 տոկոս աճ։ Գանձվել է շուրջ 16 լմն դրամի վարչական տուգանք։