Դատապարտյալին ստիպում են գնալ կոռուպցիոն ճանապարհով. իրավապաշտպան (տեսանյութ)
ՔԿՀ-ներում առողջապահական խնդիրների լուծման ծայրը երևում է, ազդարարում է Արդարադատության փոխնախարարը։ Պետությունն այժմ դատապարտյալին տրամադրում է միայն առաջին անհրաժեշտության դեղորայք։ Իսկ սկսած 2018-ից՝ դեղորայքի խնդիր չի լինի ոչ հիվանդանոցային, և ոչ էլ առաջնային բուժօգնության ոլորտում։ «Հաջորդ տարի կկարողանանք ասել, որ այդ խնդիրը գերազանցապես լուծվել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ Մինչ պետությունը տեղից կշարժվի, առանձնահատուկ հիվանդություն ունեցող դատապարտյալներն ամեն օր են բախվում դեղորայքի պակասի խնդրին։ Նրանց դեղ հասցնում են հարազատները։ Մինչ սպասվող բարեփոխման ավարտը, բաց է մնում հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է անեն հարազատներ չունեցող կամ աղքատ դատապարտյալները։ Սուրեն Քրմոյանը լավ լուր ունի բժշկական սարքավորումների կարիք ունեցող ՔԿՀ-ների համար. «Հաջորդ տարի մենք լրացուցիչ սարքեր կտրամադրենք, բայց ներկայիս նրանց հագեցվածությունը անհամեմատ ավելի լավն է, քան թե քաղաքացին գնա պոլիկլինիկա և բուժօգնություն ստանա։ Կադրերն էլ վերապատրաստել ենք, բժշկական և ոչ բժշկական անձնակազմը՝ 800 հոգի անցել են վերապատրաստում»։ Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից դժգոհ են դատապարտյալներից շատերը։ Ընդամենը մեկ վիճակագրություն՝ Արմավիր ՔԿՀ-ից վերջերս վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Անկախ հանձնաժողով է դիմել 200 դատապարտյալ։ Նրանցից միայն 3-ն է ազատ արձակվել։ Փոխնախարարի խոսքով՝ մերժված դատապարտյալները պետք է անեն նաև հաջորդ քայլը՝ դիմեն դատարան. «Հիմա Անկախ հանձնաժողովը որոշում չի տալիս, եզրակացություն է տալիս, և դատապարտյալն է որոշում բացասական եզրակացությունով գնա՞լ դատարան, թե՞ որոշակի աշխատանք կատարել ուղղման ուղղությամբ, դրական եզրակացությունով գնալ, բայց վերջնական որոշողը դատարանն է»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի հիշում մի դեպք, երբ Անկախ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած դատապարտյալը դատարանում հաղթի և ազատ արձակվի։ Խնդիրը գալիս է դեռ ՔԿՀ-ից, երբ դատապարտյալն ստանում է այս կամ այն տույժը, սակայն փաստացի զրկված է այն բողոքարկելու իրավունքն իրացնելուց։ «Որևիցե մեկը կհամարձակվի՞ դիմել դատարան և դատական կարգով բողոքարկի իր նկատմամբ նշանակված տույժը, ինչը կարևոր նշանակություն է ունենում անձի ուղղված կամ չուղղված լինելու հանգամանքը գնահատելիս, իհարկե՝ ոչ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպանը։ Սրան էլ գումարվում է դատական համակարգի՝ ոչ անկախ լինելու փաստը, ինչպես նաև կանխակալ վերաբերմունքը դատապարտված անձի նկատմամբ։ Հանրագումարի արդյունքում մերժումն արդեն պատրաստ է։ Դատապարտյալին մնում է միայն մեկ ելք։ «Ստիպված է գնալու գործարքի կամ կոռուպցիոն համագործակցության, որպեսզի կարողանա ազատվի։ Իսկ մենք գիտենք, թե որ դեպքերում են նման մեխանիզմները կիրառվում՝ եթե ունեն ակնհայտորեն ֆինանսական հնարավորություն կամ ունեն իշխանության հետ համագործակցության հնարավորություն»,- ասում է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը համոզված է՝ իշխանական վերին շարքերից կա ներքին հրահանգ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը ինտենսիվորեն չկիրառել՝անկախ հանգամանքից՝ դատապարտյալը ուղղվել է, թե ոչ։