Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անառողջ մթնոլորտ՝ ԵՊՀ գրադարանում. տնօրենը չի հերքում

Կարևոր լուրեր Հասարակություն
EPH-gradaran

Վերջին մի քանի ամիսների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց քննադատական կարծիքներն են ներկայացնում ԵՊՀ մի շարք ուսանողներ, որոնք բողոքում են ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի աշխատակիցների վերաբերմունքից: Բողոքող ուսանողներից մեկը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ռաֆյանն է, որն «Ա 1 +»-ի հետ զրույցում ներկայացրեց իր բողոքը: usanox «Ես շատ քիչ եմ օգտվում գրադարանից, բայց այդ քիչ օգտվելն էլ բավական է, որ տեսնեմ, թե այստեղ ինչ մթնոլորտ է: Նախ պիտի նշեմ, որ մասնագիտական գրքերը ոչ բոլորն են հայերեն և ոչ բոլորը կան: Դասախոսը հանձնարարում է, որ սովորենք մասնագիտական դասագրքով, սակայն գրադարանում գտնում ենք 10-20 հատ գիրք, իսկ կուրսում կա մոտ 50 ուսանող: Այդտեղից էլ սկսվում է պատճենահանումը, որը մեզանից խլում է բավականաչափ գումար: Աշխատակիցները ուսանողներին սպասարկում են շատ վատ՝ կարելի է ասել չեն սպասարկում: Կարևոր խնդիր է նաև գրքերի որակը: Եթե աշխատակիցը թերթի ու հետևի ուսանողի հանձնած գրքին, ապա կտեսնի, որ այն վնասված է ու ուսանողը կստանա համապատասխան պատիժ: Այդ անհետևողականության պատճառով առանց այդ էլ քիչ գրքերը վնասված են ու գրեթե օգտագործման պիտանի չեն: Հասկանում եմ, որ սրանք ֆինանսական խնդիրների հետ կապ ունեն, վբայց մի՞թե չի կարելի լուծել աշխատակիցների սպասարկման խնդիրը»: Այս հարցի շուրջ զրուցեցինք նաև ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ, որը նույնպես տեղյակ էր համացանցում քննարկվող թեմայից: «Սոցիալական ցանցերում հիմնականում ներկայացվում են այս 3 խնդիրները. Աշխատակիցների «մուննաթ» դեմքերը, սպասարկման թերություններն ու այն, որ քիչ գրքերի պատճառով ուսանողներին չեն հասնում բավականաչափ օրինակներ: Նախ պիտի նշեմ, որ ԵՊՀ ռազմավարական պլանի համաձայն՝ ամեն տարի գրադարանի թարմացման համար հատկացվում է 15 միլիոն դրամ, բացի այդ էլ, ԵՊՀ տպարանում տպագրված գրքերի տնօրինումը իրականացնում է գրադարանը: Ամեն տարի մոտ 10 հազար անուն գրքով թարմացվում են գրադարանի գրքերը: Ուսանողները պահանջում են մասնագիտական հայալեզու գրականություն, բայց  դրա բացակայությունը մեզ հետ կապված չէ, քանի որ հեղինակներն ու դասախոսները չեն գրում գրքեր: gradarani tnoren Տարեկան գնահատմամբ ուսանողները գրադարանին 5 միավորանոց սանդղակով գնահատել են 4,3, որը լավ արդյունք է, սակայն դրա հետ մեկտեղ իրոք կան խնդիրներ: Ես ինքս պնդում եմ, որ երկու կողմերում էլ կա «մուննաթային շփում», և դրա վերացման համար մենք երիտասարդացրել ենք հենց այն անձնակազմը, որն անմիջապես շփվում է հենց ուսանողի հետ: Շատ դեպքեր են եղել, որ ինձ մոտ եկած ուսանողները անկեղծացել են ու նշել, որ իրոք իրենք անհարգալից վերաբերմունք են ցույց տվել աշխատակցի նկատմամբ: Ես որպես տնօրեն ուսանողից և իմ աշխատակցից պահանջում եմ լավ վերաբերմունք: Քննադատել կարելի է, բայց վիրավորել՝ ոչ»: Գրադարանի դիմաց հավաքված ուսանողներից Թագուհի Մեսրոպյանը, որը սովորում է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում, նույնպես դժգոհ էր գրադարանի սպասարկումից: «Ես գիտեմ, որ ԵՊՀ կանոնադրությամբ արգելվում է ծխել համալսարանի մասնաշենքերում, բայց գրադարանի աշխատակիցներն այնքան են ծխում, որ գրադարանի տարածքում հաճախ ծխահոտն անտանելի է լինում: Աշխատակիցները նույնիսկ չեն օգնում առաջին կուրսեցիներին, կամ լավագույն դեպքում ձեռքով ցույց են տալիս, թե որտեղ են գտնվում գրքերը: Իսկ ամենավատը գրադարանի ընթերցասրահների վիճակն է: Օրինակ ճշգրիտ գիտությունների ընթերցասրահում դաս անել չի լինում, քանի որ աշխատակիցների աղմուկը, սուրճի բաժակների չխկոցներն ու բամբասանքը թույլ չեն տալիս, որ ուսանողը կենտրոնանա ու դաս սովորի: Հուսով եմ, որ խնդիրը շուտ կվերանա ու մենք հաճույքով կմտնենք ԵՊՀ գրադարան»: