Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թամանյանի հատակագիծը ձգվում էր դեպի Արարատ

Կարևոր լուրեր Հասարակություն
hraparak

Թամանյանի նախագծերից շատերը մինչ օրս շարունակում են մնալ թղթի վրա: Դրանցից մեկը Հանրապետության հրապարակի կառավարության շենքի բակում նախագծված աշտարակն է, որը տարիներ առաջ բուռն քննարկումների առիթ դարձավ: Պատճառն այն էր, որ 2010 թվականի մարտի 18-ին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ընդունվեց որոշում (569 Ա), ըստ որի  նախատեսվում էր, որ 18 ամսվա ընթացքում  Հանրապետության գլխավոր հրապարակում կկառուցվի 50 մետր  բարձրությամբ և 30 մետր  տրամագծով տուֆակերտ աշտարակը: Աշտարակի արժեքը լինելու էր մոտ 10 միլիոն դոլար: Որոշումն ընդունելուց հետո այն շատ բուռն քննարկվեց պետական մարմինների ու ճարտարապետների շրջանում: Արդյունքում ամիսներ անց ընդունվեց որոշում, ըստ որի` Հանրապետության հրապարակը ենթակա չէ վերափոխման և փոփոխություններ կատարվելու, քանի որ այն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և անձեռնմխելի է: Իսկ իրականում ի՞նչ ոգի էր դրել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն իր նախագծերում: Այս հարցի շուրջ «Ա1+»-ը զրուցեց  Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի հետ: «Թամանյանի համար Երևան քաղաքի ճարտարապետական լուծման մեջ կարևորը հրապարակն էր: Նա ցանկանում էր ոչ միայն ճարտարապետական հրաշալի նախագիծ ստեղծել, այլ նաև գաղափարական կառույց: Թամանյանական նախագծում չկար պատկերասրահի շենքը: Այստեղ դոմինանտը լինելու էր հենց կառավարական շենքը: Կառավարական շենքը հրապարակի համար լինելու էր թիկունք, որից էլ սկիզբ էին առնելու ճանապարհները: Պատկերասրահի շենքի տարածքը լինելու էր բաց, որն ուներ իր գաղափարախոսությունը: Այդ բաց տարածքը ցույց էր տալու, որ հատակագիծը բաց է դեպի Արևմտյան Հայաստան, դեպի Արարատ լեռ: Դա ազգային տենչերի և երազանքների մարմնավորում է, որն էլ ցույց է տալիս, որ Թամանյանի նախագիծը լոկ ճարտարապետական նախագիծ չէր: Այնտեղ կար ազգային գաղափար»: Ըստ Անուշ Տեր-Մինասյանի՝ Հյուսիս-հարավ առանցքը միավորելու էր քաղաքն ու հրապարակը կապելու էր թատերական հրապարակի հետ. «Այդ պողոտաները բաժանիչ դեր ունենալուց զատ, ունենալու էին նաև միավորող նշանակություն: Հրապարակը լինելու էր պողոտաների սկիզբը, որտեղից սկսվելու էր քաղաքի շարժումն ու ավարտվեր հենց հրապարակում: Այդ էր պատճառը, որ Թամանյանը մեծ ուշադրություն էր դարձնում հենց հրապարակին, քանի որ այն ստեղծելու էր քաղաքի դիմագիծը:Պետք է փաստենք նաև, որ հրապարակն ու նրա նախագծած շատ շինություններ կառուցվեցին  Թամանյանի մահից հետո»: Թանգարանի տնօրենը ընդգծեց, որ նրա ժառանգությունը աճելու ու վերաիմաստավորվելու է, սակայն դրա հետ մեկտեղ հայտնեց իր մտահոգությունը. «Արդյունքում ունենք այն, ինչ հիմա ունենք: Ոչ ոք չի կարող ասել, թե հրապարակին ինչ լուծում կտար հիմա ճարտարապետը: Փաստը մնում է այն, որ այդ ճարտարապետական նախագծի  հիմքում ազգային գաղափարն էր, որը սակայն չիրականացավ, քանի որ կառուցվեց կառավարական շենքն առանց աշտարակի, կառուցվեց պատկերասրահի շենքը, որն էլ փակեց Թամանյանի ազգային գաղափարը»:   Ալեքսանդր Թամանյանի նախագծով ճարտարապետական շինություններ կառուցվել են  Հայաստանի սահմաններից դուրս: Նրա առաջին գործը Սանկտ Պետերբուրգ քաղաքի հայկական Սուրբ Կատարինե եկեղեցու վերակառուցումն է եղել: Դրանից զատ նա  Ռուսաստանում կառուցել է նաև Կոչուբեյի առանձնատունը, Շչերբովի տունը, Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը և այլն շինություններ:Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքը եղել է Երևանի գլխավոր հատակագիծը, որը նախատեսված է եղել 150 հազար բնակչի համար: Այդ հատակագիծը հաստատվեց 1924 թվականին ՀՍՍՀ ժողկոմխորհի կողմից: 1934 թվականին ճարտարապետը սկսեց մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը, որը նախատեսված էր 500 հազար բնակչի համար: Սակայն այդ նախագիծն անավարտ մնաց, քանի որ 1936 թվականի փետրվարին մահացավ Թամանյանը: