Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչպե՞ս է վարչապետը բարեփոխում պատկերացնում այս թվերով»

Հասարակություն
krtutyun

Կրթական ոլորտի բարեփոխումների համար հատկացված գումարը բավարար չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ  Անահիտ Բախշյանը: «Ես կուզեի հարցնել վարչապետին, եթե ինքը իր բիզնեսի մեջ ուզում է  բարեփոխում անել, բայց ֆինանսավորումը  պակասեցնում է, ապա ինչպե՞ս է պատկերացնում բարեփոխումը, ո՞նց պիտի արվի այսպիսի թվերով»: Միասնական քննությունների արդյունքները եկան փաստելու, որ մեր կրթության  որակը հատկապես բնագիտական ոլորտում սարսափելի է:  «48 տոկոս ֆիզիկայից են կտրվել, 41-ը քիմիայից է կտրվել, 1 հոգի միայն աշխարհագրությունից 19 է ստացել»: Փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, թե ինչ է գրված կառավարության ծրագրում՝ կրթության մասով, այլեւս հետաքրքիր չէ:  Նա կոչ է անում պաշտոնյաներին իրենց երեխաներին չտանել էլիտար դպրոցներ:  «Թող  իրենց երեխաները սովորեն այն դպրոցներում, որտեղ իրենք բարեփոխումներ են կատարել»: Ըստ փորձագետի հնարավոր չէ տարիներ շարունակ ոլորտի ֆինանսական վիճակը չբարելավել եւ վնասներ չկրել: «Վնասը լինում է այսպես. լավագույն աշակերտները չեն ուզում մանկավարժ դառնալ , համակարգում գտնվող ուսուցիչները հիասթափվում են: Հետո ի՞նչ, որ մարդիկ չեն ընդվզում ու գլուխները կախ աշխատում են: Այսպես սուս-փուս վնաս ենք տալիս համակարգին»:  Հիշեցնենք, կառավարության հաստատած 2018-2020թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2018 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.18%-ը, 2019 թվականին` 1.99%-ը և 2020 թվականին` 1.85%-ը: Ավելի վաղ Սերոբ Խաչատրյանն իր Ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ սա խայտառակ ցուցանիշ է. «Միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4%-ը։ Եթե կրթության որևէ մասնագետի ասեք, որ ձեր երկիրը 2%-ից ցածր է հատկացնում կրթությանը, ապա պարզապես լուրջ չեն ընդունի ձեզ։ Օրինակ՝ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը 2.2% է տալիս կրթությանը, Բենինը և Բուրկինա Ֆասոն՝ 4%ից ավել։ Այսպիսով՝ Հայաստանի կրթության կարգախոսը հետևյալն է. գեղեցիկ խոսքեր‚ հավակնոտ ծրագրեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»։