Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ սկսել են ավելի շատ դիմել սեքսապաթոլոգի ծառայություններին (տեսանյութ)

Հասարակություն
ss-1

Հայաստանում  վերջին տարիներին նկատվում է պրոգրես՝ մարդիկ սկսել են  ավելի շատ դիմել սեքսապաթոլոգի ծառայություններին: ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը շեշտում է, որ խնդիրը ոչ թե դեպքերի ավելացումն է, այլ մարդկանց ավելի գիտակից լինելու փաստը. «Մարդիկ այսօր դիմում են ոչ միայն սեռական խանգարման դեպքում, այլեւ կանխարգելիչ նպատակով: Ավելացել է նաեւ  նախաամուսնական այցերի թիվը, ինչը նույնպես շատ լավ երեւույթ է»,- նշում է սեքսապաթոլոգը եւ հավելում, որ չնայած սրան՝ դեռ շատ կան մարդիկ, որոնք տեղեկացված չեն կամ մենթալիտետի  պատճառով չեն դիմում իրենց օգնությանը: Իսկ խնդիրներ ունենալու դեպքում, հատկապես մարզերում, մարդիկ հաճախ դիմում են ժողովրդական բժշկությանը, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ. «Ժողովրդական բուսաբուժությանը նման պարագայում կարելի է դիմել, օգտվել բույսերից, բայց սխալ է միայն բույսերին ապավինելը. եթե խնդիր կա, բժշկի, մասնագետի մոտ հետազոտվելը պարտադիր է»: Մասնագետն, առանձնացնելով սեռական հիվանդություններին նպաստող գործոնները, նշեց, որ ի թիվս այլ վատ սովորությունների, մեր երկրում մարդկանց մոտ նմանատիպ խանգարումներ առաջացնում են ալկոհոլը, թմրանյութը, ինչպես նաև ավելորդ քաշը։ Անպտղությանն անդրադառնալով՝  նա նշեց, որ  Հայաստանում ցուցանիշները գնալով մեծանում են,  դրան նպաստում է եւ՛ գենետիկապես մոդիֆիկացված սնունդը, եւ՛ սակավաշարժությունը, եւ՛ ավելորդ քաշը:   Բժիշկի պնդմամբ՝ Հայստանում, այնուամենայիվ, դեռ բաց է մնում սեռակրթության հարցը. «Զավեշտալի է, երբ տղամարդը  կամ կինը 45 տարեկանում դեռ սեռական կյանքով չի ապրել եւ գալիս է մեզ մոտ ամբողջ ազգի ուղեկցությամբ: Ստացվում է՝ ծնողները տիրապետում են իրենց զավակի սեռական կյանքի ողջ մանրամասներին՝ դրանով հանդերձ՝ խանգարելով նրան»: