Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11 քաղաքապետ. Համբարձումից մինչև Տարոն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaxaqapet

Հայաստանի Հանրապետության առաջին տարիներին գործում էր մայրաքաղաքի ղեկավարման խորհրդային մոդելը։ Ազգաբնակչության ընտրած քաղխորհրդի պատգամավորներն իրենց միջից ընտրում էին քաղաքապետին։ 1990 թվականի քաղխորհրդի ընտրություններից հետո Երեւանի քաղաքապետ է դառնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը։ 1992-ին նա հրաժարական է տալիս, այնուհետեւ՝ սպանվում: Նրան փոխարինում է Վահագն Խաչատրյանը, որը կարգավորում է քաղխորհրդի հետ քաղաքապետի խաթարված հարաբերությունները և պաշտոնավարում մինչև 1996թ-ի փետրվարը։ 1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ Երեւանի քաղաքապետարանին տրվում է մարզպետարանի կարգավիճակ. քաղաքապետը նշանակվելու էր Հայաստանի նախագահի հրամանագրով։ Այս կարգն ուժի մեջ է մտնում 1996-ի փետրվարից. Նախագահի հրամանագրով քաղաքապետ է նշանակվում Աշոտ Միրզոյանը: Ըստ որոշ լուրերի, նրա նշանակումը ժամանակավոր էր, քանի որ վերեւներում փոխզիջում չկար նոր քաղաքապետի անձի շուրջ: Նույն տարվա վերջին կոմպրոմիսը գտնվում է՝ քաղաքապետի պաշտոնում է հայտնվում Տեր-Պետրոսյանի վստահելի եւ ազդեցիկ դեմքերից մեկը՝ Վանո Սիրադեղյանը: 1998-ի ներիշխանական հակասությունների ժամանակ առաջացած ճգնաժամի գագաթնակետին Տեր-Պետրոսյանի թիմից առաջինը հրաժարական տվեց հենց Սիրադեղյանը՝ փաստացիորեն հասկացնելով, որ հեռանում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իրադարձությունների հետեգա ընթացքը ստիպեց, որ Վանոն լքի Հայաստանը՝ խույս տալով նոր իշխանության հետապնդումներից: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի առաջին քաղաքապետը Սուրեն Աբրահամյանն էր: Նա ով պաշտոնավարեց մեկ տարի՝ 1999թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո նշանակվելով Ներքին գործերի նախարար վարչապետ Վազգեն Սարգսյանի կաբինետում: Սակայն 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը սասանեց Աբրահամյանի դիրքերն իշխանության ճամբարում: Ուստի նա հրաժարական ներկայացրեց: Նույն ճակատագիրն էր սպասում նաև քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինած Ալբերտ Բազեյանին: Վերջինս ազդեցիկ դեմք էր Վազգեն եւ Արամ Սարգսյանների կաբինետներում, սակայն երկրորդի պաշտոնանկությունից հետո՝ ամբողջովին կորցրեց իր ազդեցությունը՝ եւ քաղաքապետի աթոռից հեռացվեց 2001թ-ի հունվարին: Սեփական բյուջե չունեցող մայրաքաղաքաքի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հրաժարականին նախորդել էր նրան ուղղված նախագահ Քոչարյանը հետեւյալ տարակուսանքը՝ փողի վրա նստած փո՞ղ եք ուզում: 2001-2009թթ-ին Ռոբերտ Քոչարյանը Երեւանի ղեկավարումը վստահում է տեխնոկրատների, սկզբում՝ Ռոբերտ Նազարյանին, ապա՝ Երվանդ Զախարյանին: Երկուսն էլ ադմինիստրատիվ աշխատանքի հարուստ փորձ ունեին սակայն հենց նրանց պաշտոնավարման օրոք էապես խաթարվեց կամ փոխվեց մայրաքաղաքի քաղաքաշինական, ճարտարապետական դիմագիծը: Արդեն Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո փոխվում է Երեւանի կառավարման համակարգը: 2009-ին առաջին անգամ տեղի են ունենում Երեւանի ավագանու ընտրություններ՝ բացառապես համամասնական համակարգով: Դրանցում հաղթանակ է տանում Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ Հանրապետականը, որի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն էլ ընտրվում է քաղաքապետ: Բեգլարյանին չի ներվում իր պաշտոնի հետ կապ չունեցող մի սկանդալ՝ 2010 թվականին Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ նա անձամբ ծեծում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի մի պաշտոնյայի, ու մի քանի օր հետո հրաժարական տալիս հենց այդ պատճառով։ Նրան փոխարինում է ՀՀԿ ավագանու համասնական ցուցակի 5-րդ համարում գտնվող Կարեն Կարապետյանը՝ «ՀայՌուսգազարդի» տնօրենը: Նա ուներ մենեջերական հատկություններ, սակայն, կարծես թե, չէր նույնացվում հանրապետական մեծամասնության, Սերժ Սարգսյանի շրջապատի հետ:  Կարապետյանը շատ արագ է լքում պաշտոնը, երբ գործնական գրավիչ առաջարկ  է ստանում Մոսկվայից: 2011 թվականի հոկտեմբերից Երևանի քաղաքապետարանը ղեկավարում է Տարոն Մարգարյանը, որը Սերժ Սարգսյանի բոլոր հանձնարարություններն անվերապահորեն կատարողի իմիջ ունի։ Նա պաշտոնը պահպանում է նաեւ 2013-ի մայիսի 5-ի ավագանու ընտրություններից հետո։ Այսօր հենց Տարոն Մարգարյանն էլ գլխավորում է Հանրապետականի ցուցակը այս տարվա մայիսի 14-ի ավագանու ընտրություններում: